առանձնության մեջ քարանում ու մեռնում, այնպես էլ ազգը։ Ազգերի զարգացումը ու առաջընթացը պայմանավորված է փոխադարձ հարաբերություններով, փոխադարձ ազդեցությամբ։
Միայն ժամանակի պահանջներին համապատասխան լեզուն, միայն ժամանակի կուլտուրան ձևակերպելու ընդունակ լեզուն կարող է հնարավորություն տալ ստեղծագործ ուժերին կերտելու ժամանակի ստիլը — այսինքն լինելու ժամանակի արտահայտիչը, որ միևնույն է թե արտահայտել իրանց։ Չնայած բոլոր տարբեր շեղումներին ու ճյուղավորություններին մտքի և զգացմունքի աշխարհում, որ պայմանավորված է հասարակական-տնտեսական և կուլտուրական տվյալներով, ամեն ժամանակ իր ընդհանուր ստիլն ունի, արտահայտթյույան իր հատուկ ձևը։ Իսկ եթե լեզուն ընդունակ է ժամանակի ստիլը ստեղծագործելու, այսինքն ժամանակի ոգին արտահայտելու, եթե լեզուն ընդունակ է ժամանակի հասկացողությունների ու զգացմունքների թարգման հանդիսանալու, ուրեմն նա կենդանի լեզու է և դեռ կենսունակ։ Ինչպես անհատի հոգեկան ուժերի չափը երևում է այն ժամանակ, երբ նա բախվում է արտաքին աշխարհի հետ, երբ նա հարաբերության մեջ մտնում ուրիշ մարդկանց հետ, այնպես էլ լեզվի զորությունը երեվում է, երբ նա բախվում է ուրիշ լեզուների հետ։ Ինքնամփոփ ու վայրի ցեղերի լեզուն, որքան և ուժեղ թվա իր վայրի առանձնության մեջ, . անզոր է դառնում, երբ բախվում է ավելի կուլտուրական մի ազգի լեզվի հետ։ Ինչպես անձնամոռացության հասնող քաջությունն ու ըմբոստությունը չի օգնում լեռնականներին դիմադրելու կուլտուրական միազգի արշավանքին, նույնպես ինքնամփոփությունը և տգիտությունը չեն օգնի նրանց լեզուն պահպանելու։
Մեզ չի փրկի ոչ մի պատնեշ և ոչ մի ազգային սնապարծ ու գոհունակ ինքնախաբեություն։ Մենք աշակերտներ ենք Եվրոպայի առջև, և մեր ապագան կախված է նրանից, թե որքան լավ աշակերտներ ենք լինելու մենք։ Խոսելով լեզվի կենտրոնացման մասին, ես ոչինչ չասացի պոլսահայ կամ արևմտահայ գրականության և նրա լեզվի մասին։ Այս հարցը ես կամեցա կապել այն խնդրի հետ, որ պիտի ծագեր — այն է Ռուսիայի և Թուրքիայի խնդիրը։ Բանն այն է, որ մեր հասարակական և գրական նոր շրջանի սկզբից իսկ դրված է եղել հրապարակի վրա մի հարց։