Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/90

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մեր գրական լեզուն արդեն քաղաքացիական իրավունքներ ստացել է, և ուր որ էլ գնաք դուք, ձեզ կհասկանան, եթե խոսեք և գրեք գրական լեզվով, մինչդեռ Ղարաբաղի բարբառը Ախալքալաքում, Քանաքեռի բարբառը Սարսում, կամ զոկերի բարբառը Թիֆլիսում— անհասկանալի են և այդպես էլ կմնան։

Լեզուն կենտրոնանում է, և այլևս անհնար է նրա ընթացքի առջևն առնել— ուրեմն և պատնեշներ կանգնելու ոչ մի կարիք չկա, դա չի կանգնեցնի լեզվի ուղիղ ընթացքը, բայց կարող է դանդաղեցնել նրա շարժումը։ Ուրեմն չպետք է այդ անել։ Եվ մեր աչքի առաջ, ահա, գրական լեզուն ամեն ճիգ գործ է դնում ժամանակի պահանջներին համապատասխան լեզու լինելու։

Եթե վերցնենք թեկուզ մեր մամուլի այսօրվա լեզուն, որ այնպիսի արհամարհանքի է ենթարկված լեզվականա ուրիշ տների կողմից կտեսնեք որպիսի խոր փոփոխությունների է սկսում ենթարկվել այդ լեզուն վերջին տարիների ընթացքում։ Մի կարճ ժամանակամիջոցում նա ընդունել է իր մեջ և յուրացրել ավելի շատ օտար բառեր կուլտուրական կյանքի այս կամ այն երևույթի, այս կամ այն հասկացողության հետ կապված, քան նախկին շրջանի մի քանի տասնյակ տարիների ընթացքում։ Ազգային լեզվի մաքրության կողմնակիցները դեմ են այդ մեր լեզվի մեջ նոր մուծվող նյութին, նրանք համարում են այդ այլասերում, մի քայլ դեպի ժարգոնը, մինչդեռ կենդանի լեզուն և կենսունակ լեզուն է միայն ընդունակ ներս առնելու իր մեջ այդ նյութը և յուրացնելու։ Լեզուն ազգի հոգին է, կենդանի է այդ հոգին, կենդանի է և ազգը կենսունակ է առաջինը, ուրեմն կենսունակ է և երկրորդը։ Իսկ այդ օտարաբանությունների ներմուծումը ցույց է տալիս, որ լեզուն դեռ կենդանի է և կենսունակ։ Սակայն այդ կենդանի ու կենսունակ լեզուն ստեղծողները նրանք չեն, որոնք սարսափով ամփոփվում են ազգային նեղ կեղևի մեջ — այլ նրանք, որ խնդությամբ ու գիտակցորեն ողջունում են Եվրոպայի մուտքը մեր երկիրը։


Աբովյանի բորբոքուն հոգին դեռ սրանից 70 տարի առաջ եթե պարզ չէր գիտակցում, գոնե զգում էր, թե ի՞նչ են բերում մեզ ռուսները, և ողջունում էր նրանց մուտքը մեր երկրի խորքը։ Եվ մեր օրերի մեծ պոետը չէ՞ արդյոք, որ բերում է մեզ ռուս հոգու ամենաբնորոշ արտադրությունները — Պուշկինը և բիլինան, Լերմոնտովը և ժողովրդական հեքիաթը։ Ինչպես անհատն է