Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/96

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այժմ գեղարվեստական կոլորիտ ստեղծելու համար նույնիսկ ամենակոպիտ կենցաղագրական նատուրալիզմի աշխարհում կարիք չկա դիմելու ամբողջական բարբառին։

Այդ բանը շատ լավ է ըմբռնել Շիրվանզադեն, որի դերը մեր դրամայի և թատրոնի զարգացման համար անզուգական է։ Ես ավելին կասեմ, և թող դա զարմանալի չթվա ձեզ։ Ըստ իս Շիրվանզադեի դերը մեր թատրոնի զարգացման, մեր դրամայի առաջադիմության համար ավելի խոշոր է, քան նույնիսկ Սունդուկյանի դերը։ Նա է, որ ամենից շատ և հաջ՞ող կերպով նպաստել է մեր թատրոնում կենցաղագրական դրամայի զարգացմանը մաքուր գրական լեզվով: Սրանով չեմ ուզում նվազեցրած լինել մեր մյուս գրողների դերը այդ ասպարեզում, ուզում եմ միայն ընդգծել այն հանգամանքը, որ Շիրվանզադեն է, որ ուղիղ ըմբռնել է կենցաղագրական դրամայի առողջ ու կենսունակ, ապա ուրեմն և ապագայի համար արդյունավետ ուղին, և նրա դրամաները մեծապես օգնել են լեզվի կենտրոնացման, որ անհրաժեշտ պայմանն է գրականու¬ թյան առաջընթացի։

Սակայն լեզվի կենտրոնացումը գրականության զարգացման պայմաններից միայն մեկն է, թեպետև շատ կարևորը։ Ինչպես արդեն մի անգամ նկատեցի, մեր գրականության զարգացումը պայմանավորված է այն զարգացմամբ, որ տեղի կունենա մեր կյանքում։ Այդ զարգացման ընդհանուր գծերը ես մատնանշեցի և ասացի, որ դրա էությունը Եվրոպայի արշավանքն է դեպի մեր երկիրը։

Ժամանակ ստիլը ժամանակի մտածողությունն է։ Որչափով որ այդ մտածողությունը յուրացված է մի ազգի կողմից, այդ չափով էլ ազգը կենսունակ է։

Սակայն ժամանակի մտածողությունն ունի իր տարբեր շերտավորումները, որ պայմանավորված են հասարակական և կուլտուրական շերտավորումով։ Բնականաբար որքան առաջավոր, պրոգրեսիվ մտածողություն է յուրացնում մի ազգի իշխող տարրը, այն չափով էլ նա ուժ է ստանում ապագայի վերաբերմամբ, այն չափով ապագան նրան է պատկանում։

Եթե մեր օրերում մի ազգի իշխող տարրերը, ամենախոշոր հատվածները խարխափում են ֆեոդալական մտածության աշխարհում, նշանակում է այդ ազգի ապագան մի լուծված հարց է։