Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/97

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Իհարկե, ազգը, իբր այդպիսին, ֆիզիկապես կարող է և չոչնչանալ, բայց այդ մասին չէ մեր խոսքը։ Իհարկե բյուրեղացած ձևով երբեք հանդես չի գալիս այդպիսի մտածողությունը։ Անհնար է երևակայել մի ազգ, որի բոլոր տարրերը տոգորված լինեն մի ընդհանուր մտածողությամբ։ Խոսքը այն մասին է, թե որչափ զորեղ են մի երկրում, մի ժողովրդի մեջ այդ առաջավոր, պրոգրեսիվ մտածողության ներկայացուցիչները։ Որչափ որ զորեղ են նրանք, այնչափ զորեղ է այդ ժոզովուրդը իբր գիտակից մի ազգ, իբր կենսունակ մի ամբողջություն։ Որքան հետամնաց է մի ժողովրդի մտածողության եղանակը, այնքան հետամնաց է նրա կյանքը, ուրեմն այնքան զուրկ է կենսունակությունից այդ ժողովուրդը։ Ահա թե ինչու Ժամանակի ստիլ ունենալ կնշանակե կենդանի լինել ու կենսունակ, զուրկ լինել այդ ստիլից՝ կնշանակե ընդհակառակը։

Այստեղ մի փոքրիկ վերապահություն պիտի անեմ։ Բանն այն է, որ մեր սերնդի մասին խոսելով, ես աչքի առաջ ունեմ ինտելիգենցիայի այն հատվածը, որ իր տարբեր մտավոր շերտավորությամբ հանդերձ ներկայանում է իբր մի ինտելիգենցիա եվրոպական մտքով։ Այս ինտելիգենցիային չի պատկանում մեր «ազգային» կրթարաններում սնվող երիտասարդությունը։

Ահա այդ նոր, ոչ «ազգային», այլ ռուսական, այսինքն եվրոպական մտավոր սնունդով մեծացած ինտելիգենցիայի համար է, որ մեր վերը հիշած մերձավոր «անցյալը» և օտա՛ր է, և հեռավոր։ Եվ դրա համար էր, որ ես ասի, թե կարող է թվալ, թե դժվար է այդ «անցյալի» պատմագրի դեր ստանձնելը։

Մի կողմից այդ «անցյալը» օտար է և հեռու, մյուս կողմից նա շատ է մոտ մեզ, այժմություն է, ներկա է — ապրում է մեր օրերում այս կամ այն ձևով, այս կամ այն անվան տակ, որոշ շեղումներով (սակայն միշտ նույն սահմաններում), ծանրաբեռնված նոր հակասություններով, նոր մտքերի կցորդությամբ հնի հետ նոր խոսքերի կիրառությամբ, հաճախ ոչ իրանց իսկական բովանդակությամբ։ Եվ այսօր ավելի դժվար է այդ «անցյալի» իսկական պատկերը գծելը, նրա էական հատկությունները բնորոշելը — այժմ նա բարդացել է, ընդունելով իր մեջ շատ նոր տարրեր։ Սակայն շատ բաներ, որ մեզ հիմա «անցյալ» է թվում, դեռ ապրում է մեր մեջ գուցե մի անկենդան, անարյուն, բայց ոչ անկատելի կյանքը։ Ահա այդ պատճառով է, որ ես չեմ կամենում

[1]

  1. 7 Վահան Տերյան, հ. III