Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/101

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հետ: Ահա թե բանն ինչ է։ Աբելյանի հետ դուրս եկանք մեր տնից և իմ գործերի մասին խոսելով գնացինք դեպի Տվերյան փողոցը–պիտի մտնեինք գարեջուր խմեինք մի շիշ և գնայինք Վարյայի մոտ։ Գարեջրատնից ես հեռախոսեցի Բուդաղյանի հետ՝ տունը չէր–նրանից մտադիր էի պարտ վերցնել մի բավական խոշոր գումար, որ այժմ ինձ անհրաժեշտ է Պետերբուրգ գնալու և առաջին ժամանակները ապրելու, ուսման վարձի և այլն։ Աբելյանի հետ որոշեցինք, որ լավ կլինի, որ ես առաջ Ծատուրյանի հետ խոսեմ այդ մասին։ Քանի որ հենց Ծատուրյանի տան մոտ էինք, ես գնացի նրա մոտ, մանավանդ որ դեռ վաղ էր, ժամը 8-ն էր, այնպես որ ես և Աբելյանը կարծում էինք, որ ես նախքան Վարյայի կայարան գնալը դեռ կգնամ նրա մոտ, ուր պիտի գնար և Աբելյանը։ Ծատուրյանի մոտ, սակայն, մի քանի մարդ կար, և ես սպասեցի մինչև նրանք հեռացան ու հետո սկսեցի խոսել գործիս մասին։ Ծատուրյանն էլ սկսեց երկար ու բարակ բաներ պատմել–մի տեսակ աննկատելի կերպով ժամանակն անցավ, բոլորովին աննկատելի, և երբ մտաբերեցի–արդեն ուշ էր։ Այս ամենը գրում եմ, որովհետև Վարյան կարող է մտածել, որ ես անուշադիր եմ եղել նրա վերաբերմամբ, իսկ ես կուզեի, որ սխալ չմտածեր իմ մասին ոչ նա, ոչ էլ դու։ Առհասարակ վերջերս, ինչպես երևի Վարյան էլ նկատել է (ասենք մասամբ ես ասացի էլ նրան), բավական խառնակ դրության մեջ եմ։ Դրությունս անորոշ է և նյութականս աննախանձելի... Ինչևիցե։ Մոտ օրերս կերթամ Պետերբուրգ։ Կոստանյանը շատ բարյացակամ է վերաբերվում ինձ և շատ ավանսներ է արել ու խրախուսում է ամեն կերպ։ Ի միջի այլոց, խոստացել է հարց բարձրացնել և պաշտպանել ճեմարանի լիցեոնում, որ մյուս տարի ճեմարանն ինձ ուղարկե հայագիտությամբ պարապելու և այդպիսով ես պաշտոնապես կապված կլինեմ ճեմարանի հետ, տեղ կունենամ (Կոստանյանը այսպես ասաց. «Քեզ համար ես միշտ տեղ կգտնեմ ճեմարանում»)։ Բայց ամենից կարևորն, իհարկե, այն է, որ նյութապես ապահով կլինեմ և կպարապեմ մի երկու տարի այն առարկայով, որ այժմ ինձ ամենից շատ է հետաքրքրում։ Չգիտեմ, գուցե անցնի այս ոգևորությունս, գուցե երբ ի մոտո ծանոթանամ գործին՝ փախչեմ, բայց այժմ ոգևորված եմ և շատ եմ ուզում պարապել։