Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/102

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սուսաննան դեռ Ստավրոպոլ է–ուզում եմ բերել, որ բժիշկներին ցույց տամ իմանամ վերջնական կերպով նրա հիվանդությունը, ինձ թվում է, որ նրա թոքերը առողջ են։ Այդ դեպքում պիտի աշխատեմ, որ նա էլ Պետերբուրգում տեղ գտնի և հետս լինի։ Սակայն առայժմ դեռ դրությունը անորոշ և խառն է։ Եթե Պետերբուրգ միջոցներ չճարեմ, Կոստանյանի խորհրդով այս մի տարին պիտի մնամ Մոսկվա և իր մոտ սովորեմ, որպեսզի մյուս տարի ճեմարանն ինձ ուղարկե (երբ պետական քննություններ տված կլինեմ և դիպլոմ կունենամ)։ Սրանցից որը կլինի, կտեսնենք, հայտնի չէ։ Այսօր պիտի գնամ Բուդաղյանից 300 ռուբլի պարտք խնդրելու (մուրհակով), տեսնենք ի՞նչ դուրս կգա։ Ծատուրյանն ասում է, որ կտա։ Իսկ այդ գումարը անհրաժեշտ է ինձ մինչև հաստատվելս։ Ահա քեզ իմ գործերի դրությունը։ Ի՞նչ ես անում դու։ Ի՞նչ նորություն կա։ Հաստատեցի՞ն քեզ, թե՞ ոչ դեռ։ Գրիր երբեմն առ երբեմն։ Հոդվածդ կարդացի—ապրի՛ս ։ Առհասարակ լավ ես վարժվել և կարգին ժուռնալիստ ես, կեցցե՜ս։ Ուրախությամբ կարդում եմ քո հոդվածները, բայց էլ կարդալու բան չկա ձեր թերթում։ Մի՛ նեղանար։ Հա, Դավիթը «Նոր ուղի» պիտի հրատարակե–Ալյոշան խնդրեց մի քանի բան տալ, խոստացա տալ։

Ձեր փոքրիկ դստերը բարև կանես և կասես, որ Վահան քեռին (дядя) դժգոհ է, որ նա հայերեն չի բլբլացնում—ես այնպե՜ս սիրում եմ, երբ փոքրիկները հայերեն են խոսում։ Հրանտը Պետերբուրգ է գնում լսեցի—երևի կհանդիպեմ եկեղեցում—կտեսնվեմ ։

«Սալոմե»-ն թարգմանել եմ, ուղարկում եմ «Դրամատիկական» (իմ կարծիքով «Դրամատիական») ընկերության—ուզում եմ փորձել, գուցե պրեմիա տան, թեև շատ կասկածում եմ, որ տան, թարգմանությունիցս էլ այնքան գոհ չեմ։ Վարյային շատ բարև կանես և կբացատրես կայարան չգնալուս պատճառը, ասա, որ չնեղանա։ Գրիր, Ցոլ-Ցելլեր։ Ողջ լեր։

Քո Վահան