Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/122

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

(որովհետև մեր կյանքը կարճ է) ինձ տենդի մեջ եմ զգում։ Ձեռքս գցում եմ սրա՛ն, նրա՛ն, ուզում եմ ամեն ինչ անել և որքան կարելի է լավ։ Չեք կարող պատկերացնել, ի՜նչ ուրախությամբ է լցնում ինձ այն, որ զբաղվում եմ հայոց և արևելյան լեզուներով։ Չկարծեք թե չոր լեզվաբանությունն է ինձ գրավում (թեև այնտեղ էլ շատ հետաքրքիր բաներ կան, երբ սկսում ես գիտենալ), այլ այն, ինչ որ ես կանեի, տիրապետելով այդ ամենին՝ գործիքին, թեկուզ և միայն գրական աշխատանքի համար։ Բայց չէ՞ որ միայն գրականությունը չէ, այստեղ ամեն ինչ կբացվի, այնքան բազմաթիվ գործեր կան՝ ազնիվ ու հետաքրքիր։ Զբաղվում եմ մեր հին գրականությամբ և տեսնում, թե ինչպես էինք մենք, ինչպես էինք ապրում, ինչպես գիտեինք խոսել, ինչպես կարող էինք սքանչելի ստեղծագործել։ Այ թե երբ ես հանձն կառնեի պարապել Մարթայի հետ, և անպատճառ՝ պայմանով, որ նա սովորեր գրաբարը, որովհետև դա ոսկի է, դա լեզու չէ, այլ երկնային երաժշտություն։ Պերճություն, հարստություն, ուժ, ճկունություն, այդ ամենը միայն նոր եմ սկսում զգալ։ Եվ ինչպիսի ձախորդությունների էլ հանդիպեմ, և որքան էլ ինձ համար դժվար լինի, ես պատրաստ եմ ամեն ինչի, միայն թե իրագործեմ երազանքս՝ կատարելապես ուսումնասիրեմ այդ արքայական լեզուն։ Եվ այն ժամանակ միայն կհանգստանամ։ Ասենք, չեմ հանգստանա, որովհետև բարձրագույնը, որ կարող եմ պատկերացնել, դա սիրելի աշխատանքն է, և նրան կնվիրեմ ամբողջ կյանքս։ Այդ ամենը նույնքան թանկ է ինձ համար, որքան մարդու համար թանկ է լինում իրենը, հարազատը, սիրելին՝ ուրիշների համեմատությամբ, որոնք գուցե և թշնամական չեն, բայց ամենևին էլ այն չեն, ինչ յուրայինը։ Ահա այնպես, ինչպես դուք էիք սիրում ձեր հորը, բայց այստեղ ոչ միայն բնազդ է, ինչպես առաջին (ձեր) դեպքում, այլ նաև գիտակցություն։ Ահա այս զգացումները, որոնց մասին ես նույնիսկ մոտավոր պատկերացում չտվեցի ձեզ, ամբողջապես լցնում են ինձ գրական մտադրությունների ու երազանքների մի ամբողջ հույլով։ Գլխումս և հոգումս այնքան պատկերներ, մտքեր, զգացմունքներ ու բառերի երաժշտություն կա, որ գլուխս կորցնում եմ, չգիտեմ ինչի ձեռնարկեմ և, մոռանալով աշխարհում ամեն ինչ, անձնատուր եմ լինում այդ ամենին։ Եվ երբեմն ինձ սկսում է թվալ որ ես կամ թշվառական մտամոլ եմ, կամ էլ իսկապես «սխրանքի»