սեղանի առաջ նստած և մատներս կրծոտելով (դա մի զբաղմունք է, որին ամենից հաճախ եմ անձնատուր լինում և որին չեմ դավաճանում, հակառակ իմ «փոփոխական» բնավորության ու ճաշակների), մտովի գրում եմ ձեզ մի ամբողջ ուղերձ և «մտքում» դրած այդ ուղերձը արդեն փախցնում է գրելու ցանկությունը, ես հետաձգում եմ «իրագործումը»։ Այդպես հաճախ անում եմ նաև իմ գրական պլանների հետ, «մտքում» հորինում եմ մի ամբողջ պոեմ, մի շարք բանաստեղծություններ կամ պատմվածք, իսկ գրել ծուլանում եմ. միտքս արագ է, ապրումներս՝ թիթեռնիկների պես թեթև, իսկ գրելը երկար է տևում և ծուլանում եմ։
Այդպիսի րոպեներին ես սիրում եմ, երբ մեկը կա և, նրան պատմելով պատմվածքս, պոեմս կամ հեքիաթս, արդեն բավարարված եմ լինում և արդեն հաճախ, շատ հաճախ պահանջ չեմ զգում դա դրի առնելու։
Ախր այդպես է լինում, որ շուրջը մարդիկ նկատում են, որ մարդը բոլորովին փոխվել է, կարծես թե այն մարդը չէ, և մտածում են այդ ինչի՞ց է, ախր, կարծես ոչ մի բան չի պատահել։ Իսկ իրականում նա (ում մասին նրանք այդպես են մտածում) իր մեջ վերապրել է ամեն ինչ և ներքուստ այդ ամբողջ փոփոխությունը միանգամայն նպատակահարմար է, օրինաչափ, բխել է ամբողջ ներքին կյանքից, ինչպես հետևանքը պատճառից։
Ահա թե ինչու պետք է զգույշ լինել մարդուն դատապարտելիս, և պետք է շատ լրջորեն ու համակողմանի ուսումնասիրել, իմանալ, թե ինչու և ինչպես պատահեց այդ ամենը։
Նույնը, իհարկե, լավի նկատմամբ։
Հապա մտածեցեք, մենք հաճախ մարդուն ճանաչելով տասը տարի, գիտենալով նրա բազմաթիվ լավ կողմերը, որևէ վատ արարքի համար (այն էլ առանց դա առանձնապես լուրջ ուսումնասիրելու) նրան հայտարարում ենք վատ կամ գոնե փոխում ենք մեր վերաբերմունքը դեպի նա այս կամ այն չափով, իսկ մեկին հանդիպելով գնացքում կամ նավի մեջ, նրա հետ լինելով մի ժամ, մի երկու օր, մտածում ենք՝ ի՜նչ սիրելի, համակրելի... և այլն մարդ է, և արդեն պատրաստ ենք ամեն ինչի։ Ահա այսպես, սիրելի Անտենկա։
Վերջին ժամանակներս էլի շարունակ հիվանդ եմ։ Առհասարակ ամբողջովին «խախտված եմ»: Պետք էր, որ հիմնավորապես