հանգստանայի։ Մտածում եմ, գուցե ամառը հաջողվի, իսկ հետո սկսում եմ կասկածել (ինչպես և ինչ և այլն): Մի խոսքով, անվճռական մարդ եմ։ Իսկ առայժմ պարապում եմ, ճիշտ է, վերջին ժամանակներս ոչ այնքան ջանասիրաբար, բայց և այնպես պարապում եմ։
Գլխումս շատ ծրագրեր, ցանկություններ, մտադրություններ կան, շարունակ ժամանակը չի բավականացնում, և մարդկային կյանքը, տեսնում եմ, շատ կարճ է այդ բոլորի համար, և հետո, այնպիսի կյանքը, ինչպիսին իմն է, այնքան էլ լավը չի «այդ նպատակների» համար։
Երբեմն այնպես «պռնկե պռունկ» լցված եմ լինում, որ թվում է, այ հիմա կանեմ և այս, և մյուսը, և երրորդը... Բայց այստեղ պետք է մտածել այս բանի, այն բանի մասին, մեկ այստեղս է ծակում, մեկ այնտեղս... Ակամայից ամեն ինչ թողնում ես: Բայց ես չեմ գանգատվում, ոչ, ամենից քիչ այդ։
Աստված մարդուն կյանք է պարգևում, և ամեն ինչ տեսիլքի պես է, միայն աչք ու ականջ ունեցիր, որ տեսնես ու լսես, տոչորվես ու լաս և լաս անվերջ, չէ՞ որ դա էլ երկնային պարգև է։
Ահա, Անտենկա, ես գրեցի այս բոլորը։ Սա այն ամենն է, ինչ կարող եմ տալ ձեզ հիմա, իսկ եթե կարողանայի, կտայի էլի ավելի մի քաղցր բան, քան բառերն են... բայց դուք այդ գուցե չեք ցնդունի...
Ինչո՞ւ Պիտեր չեք գալիս։ Զատկին կամ զատկից հետո, գուցե գամ Մոսկվա, պետական քննությունները տալու, այն ժամանակ կտեսնվենք, իսկ գուցե գայի՞ք։
Դե, սիրելիս, ամենայն բարիք։
Շուտով Նոր տարի է։ Նախօրոք շնորհավորում եմ ձեզ և ձերոնց բոլորին (չմոռանա՜ք հաղորդել)։
Բարևս բոլորին։
Առողջ և հաջողակ եղեք, ինձ մի մոռացեք և սիրեցեք, լսո՞ւմ եք, սիրեցե՜ք։
Սեղմում եմ ձեր ձեռքը (ի՛նչ է հեռվից համբույրը, ճիշտ չէ՞):
Բայց ինչպե՜ս եմ հոգնել, աստվա՛ծ իմ:
Ձեր նամակները ոչ ոք չի կարդում, կարող եք ամեն ինչ գրել: