Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/146

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ինցիդենտից հետո։ Սաստիկ ծանրաբեռնված եմ աշխատանքով, և առողջությունս շատ աննախանձելի է, գրեթե ամեն օր հիվանդ եմ—մինչդեռ ուզում եմ և՛ պետական քննություններս տալ, և՛ այստեղ ետ չմնալ պարապմունքներից։ Ամառս, եթե Աստված հաջողե, գյուղ եմ ուզում գնալ, կտեսնվենք և «բոլամա» կխոսենք ամեն բանի մասին — այն ժամանակ երևի ավելի շուտ կգանք համաձայնության։

Հոգնեցի։ Վերջացնում եմ գրությունս։ Մի մոռանար և գրիր երբեմն առ երբեմն, երբ տրամադրություն ու ժամանակ ունենաս։ Պողոսը գնացել է, ու մինչև օրս լուր չունեմ, մինչդեռ ամսի 14-ին պիտի որոշվեր նրա վիճակը, շատ անհանգիստ եմ։ Շա՜տ, շա՜տ վատ վիճակի է մեր Պոյր։ Ուզում եմ հեռագիր «զարկել», տեսնեմ ինչո՞ւ չի գրում։

Ողջ լեր և աղոթիր մեզ համար։ Սյուզաննան բարևում է քեզ ու Վարյային։ Իմ կողմանե ևս համբուրիր Վարյայի ձեռն ու բալիկիդ թուշը։ Բարևներով և համբույրներով՝

Հավերժական ուսանող քո Վահանն


84. «ՀՈՐԻԶՈՆ»-Ի ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ

1914, 24 հունվարի, Բաքու

ճիշտ չէ, թե հասարակությունն անտարբեր է գտնվել հայ երկրի մեծ գրողին հասցրած անլուր վիրավորանքների հանդեպ։ Համակրական հեռադիրները մեզնում չեն արտահայտում հասարակաց կարծիքը։ Ամենալավ բողոքը լռությունն է։ Թող հայտնի լինի, որ հայ ժողովուրդը հավիտյանս պարտական պիտի մնա Թումանյանին։ Ոչ մի հայհոյանք չպիտի կարողանա մթագնել մեր գրականության կարմիր արևը, նա կփայլի, քանի կենդանի է մեր ժողովուրդը և սրա մահից հետո ևս, ինչպես ացտեկների բանաստեղծ ոմն Տետցկոյոտլ, որը ապրում է ցարդ, թեև վաղուց բնաջնջվել է նրա ժողովուրդը։ Այդպես ահա, ժամանակը կծաղրի մեր մամուլի անարգ Թերսիդեսին:

Վահան Տերյան
Ցոլակ Խանզադյան
Պողոս Մակինցյան