85. «ՄՇԱԿ»-Ի ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ
(հեռագիր)
Ամենևին չհամակրելով «Հորիզոն»-ին, բացասաբար վերաբերվելով այդ լրագրի ընդհանուր ուղղությանը, գերադասելով «Մշակ»-ը, որին համաձայնություն էի տվել աշխատակցելու,— այնուամենայնիվ, այսօր միայն ծանոթանալով Թումանյանի դեմ ուղղված հոդվածներին, անկեղծորեն վշտացած եմ: Չեմ կարող ծածկել զայրույթս և չբողոքել այդպիսի քայլերի դեմ, որոնք միանգամայն անթույլատրելի են դրական էթիկայի տեսակետից։
Կատարելապես հասկանալով իմ բարեկամներին՝ Մակինցյանին և Խանզադյանին, որոնք իմ ստորադրությունը կցել են իրենց բողոքին, լիովին արդարացնելով նրանց, մանավանդ որ բողոքը հրատարակելուց առաջ նրանց կողմից ինձ ուղարկված հեռագիրը անհասկանալի էր մնացել ինձ համար՝ գործի էությանը անծանոթ լինելուս պատճառով—ամենախորին համակրանքս եմ հայտնում մեծարելի բանաստեղծ Թումանյանին։
«Մշակ»-ին աշխատակցելուս խնդիրը վերանում է։
86. «ՄՇԱԿ»-Ի ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ
«Մշակ»-ի հարգո խմբագրության
իմ բացատրությունը
Մեծահարգ պարոն խմբադիր
Մամուլի էջերը անձնական ու մասնավոր բնավորություն կրող խնդիրներով զբաղեցնելը մի ցավ է դարձել մեր պարբերականների համար և հարկավ այդ վատ սովորությունը խրախուսելու համար չէ, որ գրում եմ ներկա բացատրությունս, ոչ էլ իմ անձով մարդկանց զբաղեցնելու փոքրիկ ու հիմար սնափառությունը։ Բարեխիղճ և արդարամիտ լինելու ցանկությունն է դրդում ինձ հուսալու, որ չպիտի մերժեք ներքոգրյալ տողերին տեղ տալու: Ձեր