Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/160

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ինչպես ինքս իմ առջև։ Հակառակ դեպքում ինձ համար կստեղծվեն շատ անախորժ մոմենտներ։ Բանն այն է, որ նամակ գրելը ես համարում եմ մի զրույց, իսկ ընկերական և մտերմական զրույցի ժամանակ խոսքեր չես ընտրում և չես աշխատում խոսել տրամաբանորեն ու «խելոք», այլ զրուցում ես անբռնազբոսիկ, ազատ, առանց վախենալու և քաշվելու։ Ահա թե ինչու ես ասում եմ, որ նամակը պետք է միայն այն մարդը կարդա, ում գրված է նա։ Նամակում գրածիս համար ոչ ոք իրավունք չունի ինձ պատասխանատվության կոչելու, ինչպես իմ մտերմին ասած մասնավոր, ինտիմ խոսակցության համար — ինչին էլ վերաբերվի այդ զրույցը։ Ահա այսպիսի ինտիմ նամակագրություն եմ սիրում ես։ Ուրիշ տեսակ՝ ոչ։

Ձեր նամակը ինձ ուրախացրեց և տխրեցրեց: Ուրախացրեց, որովհետև Դո՛ւք էիք գրել այն, տխրեցրեց, որովհետև բուռն ցանկություն զգացի Ձեզ տեսնելու և ջերմ համբուրելու, իսկ դուք չկայիք և հեռու էիք...

Եվ հիշեցի ես հորդ անձրևի տակ
Սլացող կառքը, որ տանում էր մեզ,
Եվ քո խոսքերի կարկաչունն արագ,
Եվ քո աչքերի փայլը հրակեզ...

Մտաբերեցի և՛ «Եդեմ» այգին,
Ե՛վ համբույրները տարփոտ գգվանքում,
Երբ հրահրում էր կուրծքըս քո կրծքին
Մի բոցով այրում հոգիս քո հոգում...

Եվ հրաժեշտը մեր տխուր ու ցուրտ,
Երբ մենք անկարող գրկել մեկմեկու,
Ձեռք էինք պարզում սառն ու անխորհուրդ.
Որպես առօրյա ծանոթներ երկու...

Բայց գուցե մնաց և քո հոգու մեջ
Մի տխուր նվազ, լուսեղեն մի հուշ,
Որպես սիրելի պոետից մի էջ,
Որ ժպտում է միշտ գգվանքով անուշ...


Չկարծեք, սիրելի Նվարդ, որ ես սովորություն ունեմ իմ նամակները «պոեզ»-ներով զարդարելու։ Քավ լիցի: Այս էքսպրոմտը վաղուց էր «լեզվիս վրա» էր, ինչպես ասում են, և դուրս թռավ։ Այս «պոեզ»-իս ներող աչքով նայեցեք և խիստ մի դատեք։ Գուցե