ապագայում նա ավելի շնորհալի հագուստով ու ձևով ներկայանա Ձեզ, թեև նա նույնը կլինի (եթե միայն «համաձայնի» փոխվել): Թող Ձեր անուշ աչքերը սիրով ընդունեն իմ այս տխուր թռչնակին։
Դուք ուզում եք, որ «այն գրքույկը» ղրկեմ, բայց ես առայժմ չեմ ղրկում։ Գուցե ինձ հաջողվի մի ավելի լավ հիշատակ ղրկել Ձեզ, երբ այս չոլ երկրից դուրս գամ լույս աշխարհ: Համենայն դեպս ես երբեք չեմ զլանա Ձեզ «մնայուն» հիշատակ նվիրելուց, եթե միայն Ձեր մեջ «մնայուն» լինի այդպիսի հիշատակ ունենալու և մոռացության ցանկություն չզգաք դեպի իմ հիշատակը։ Այդպես եմ ասում ես, որովհետև իմ սիրտը տխուր է այսօր, թեպետև պայծառ տխրությամբ։ Ահա մեր սարերն էլ այսօր մշուշով են պատել իրենց բարձր գլուխները, որովհետև իմ սիրտը տխուր է: Այո, ես այդպես եմ կարծում։ Серьезно да!
Սեղանս զարդարված է այդ կապույտ ու կանաչ սարերի վայրի, քնքույշ ծաղիկներով և մեր պայծառ դաշտերի ծաղիկներով: Շատ են, անունները չգիտեմ։ Մի առանձին փունջ էլ կա անմոռուկներից։ Ահա այդ փնջից ուղարկում եմ մի սիրուն ու լավ աղջկա մի քանի ծաղիկ, որ նա ինձ չմոռանա... Եվ եթե այդ սիրուն ու լավ աղջիկը մեր սարերում լիներ ինձ հետ, գիտե՞ք որքան լավ կլիներ—ես պիտի ասեի նրան. «սիրուն աղջիկ, տեսնո՞ւմ ես—ահա մեր սարերը լա՜յն ու բաց, տեսնո՞ւմ ես որքան ծաղիկ կա այստեղ—ահա այդպես լայն ու բաց է և իմ սիրտը և այնտեղ ավելի շատ ծաղիկներ կան քեզ համար, քան այս սարերում բարձր և դաշտերում լայն, որովհետև ես այս սարերի զավակն եմ և այս դաշտերի մանուկը»։ Այդպես կասեի ես այն սիրուն աղջկան, եթե նա մեր սարերում լիներ ինձ հետ, այն աղջկան, որին այսօր ուղարկում եմ մի քանի փոքրիկ ծաղիկ մեր սարերից, մի քանի անմոռուկ, որ նա ինձ չմոռանա...
Բայց ես կուզեի, որ այդ աղջիկն ինձ «սենտիմենտալ» աղու տեղ չդներ։ [Серьезно да! Մինչև վստահելի մարդ չգտնեմ, չեմ կարող նամակը ուղարկել քաղաք՝ փոստ։ Ինձ ասացին, որ վաղը մեկը քաղաք է գնում, բայց ես վախենում եմ, ուստի շատ կուզենայի իմանալ, արդյոք հասա՞վ սույն ուղերձը նաև նրա համար, որ ուզում եմ Ձեզնից մի լուր իմանալ: Ի դեպ, որտե՞ղ եք լինելու ամառը։ Դուք ինձ տվել եք կուրսերի հասցեն — պե՞տք է և կարելի է արդյոք մշտապես գրել այդ հասցեով]։
11 Վահան Տերյան, հատոր IV