մխիթարում ինձ նրանով, որ քույրը, որին պիտի ծանոթացնե, ավելի լավ է (վասնզի ավելի ջահել է —18 տարեկան...)։ Առայժմ ողջություն, սիրելի Կարեն, մյուս հարցերիդ կպատասխանեմ մոտ օրերս։ Բարևում է քեզ Լևոնը։ Իսկ դու բարևիր Ջուզեպպովիչին, Ստեփանոսին և մերոնց բոլորին Կյալբարիչով հանդերձ։
Հասցես գուցե կորցրած լինես, ահա.
Петербургская Сторона, Большой проспект, дом 21, квартира 40
Մեծահարգ պարոն Առաքելյան
Շնորհակալությամբ ստացա խնդրածս ավանսը։ Ներեցեք, որ մի քիչ ուշ եմ պատասխանում Ձեր նամակին։ Դրա պատճառն այն է, որ ուզում էի մի հոդված ուղարկել և այդպես էլ չկարողացա, նամակս էլ այդ հոդվածի հետ էի ուզում ուղարկել և ուշացավ։ Հոդվածս մեր ազգային Կոմիտեին էր վերաբերվում և, որովհետև ես այնտեղ արծարծում եմ այն միտքը, որ այդ «ազգային» Կոմիտեն ազգային չէ, առայժմ ստիպվեցի հետաձգել։ Ճիշտն ասած, ես մասամբ էլ աչքի առաջ ունեի այն, որ Դուք կարող եք անհարմար համարել մի «այսպիսի» ժամանակ տպել այդպիսի մի հոդված։
Ձեր առաջարկը—աշխատակցել «Գրական-գեղարվեստական ժողովածու»-ին, որ պիտի հրատարակեք հօգուտ պատերազմից վնասվածների—ուրախությամբ ընդունում եմ և ուժերս ներածին չափ կաշխատեմ օգտակար լինել ամեն կերպ այդ ձեռնարկության։ Միայն ինձ շփոթեցնում է մի հանգամանք—այնտեղ (Ձեր հայտարարության մեջ) այդ ժողովածուի մասին ասված է, որ նա պիտի մի հուշարձան լինի ներկա պատերազմի։ Նյութերը պետք է անպատճա՞ռ պատերազմի հետ կապ ունենան, թե կարող են և այդպիսի բնավորություն չկրել։ Կարծում եմ ոտանավորներ նույնպես ընդունելի կլինեն—արդյոք ես չե՞մ սխալվում։