Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/176

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կամ անելու։ Դա մի հիվանդագին սեր է, դա մի անհաղթելի մոլություն է—դրա պրիզմայով է բացվում մեր առջև աշխարհը — այդ չափով ենք մոտենում մենք ամեն ինչի և գուցե դրա համար անզոր ենք դառնում ու մեռնում ենք վաղ։ Ես ինձ այնպես եմ զգում—ինչպես կզգա մեկը, որ թոքախտ ունի և գիտե, թե որքան կարճ է իր կյանքը—նրա կյանքը կյանք չէ, այլ — մահացում։ Տարիներով մենք ձգտում ենք ստեղծել մեզ համար գոյության մինիմալ պայմաններ, որպեսզի նվիրվենք մեր կոչման — իսկ մինչ այդ վատնում ենք մեր բոլոր ուժն ու կարողությունը և հանկարծ դառը սրտով տեսնում ենք, որ միջոցը նպատակ է դարձել և անցածը ետ դարձնելու հնար չկա։ Այդպես ենք մենք բոլորս — կոտրված, գետնահար խոտի նման, ընկած, պարտված, անհույս ու անհավատ։ Այդպես մեր հայրենիքի հոգին է մեռնում, իսկ մարդիկ կարծում են, որ կարելի է նրան կենդանացնել... Ախ, թողնենք այդ դառն ու անօգուտ զրույցը—հին և անբուժելի հիվանդություն է դա, և մենք անզոր ենք նրա դեմ։ Չկարծեք, թե այժմ են միայն զբաղեցնում ինձ այդ մտորումները, ավա՜ղ, շատ վաղուց։ Եվ չեմ ազատվի դրանցից երևի մինչ վերջը—ինչպե՞ս ազատվես ինքդ քեզնից։ Կարո՞ղ եք երևակայել, երբեմն իմ մտքից անցնում է հեռանալ աշխարհից, մի վանք շինել և լռության մեջ անցկացնել կյանքիս կարճ օրերը, սակայն անկարող եմ իրականացնելու իմ այդ գաղտնի բաղձանքը — պատճառներ ու արգելքներ շատ կան ոչ միայն արտաքին, այլև ներքին։ Իմ սիրելի և լավ Նվարդ, դուք այս նամակը կարդալիս չզարմանաք և չծիծաղեք վրաս։ Դուք երևակայել չեք կարող, թև ինչպես է անցնում իմ կյանքը. ոչ թե անցնում է, այլ այրվում մի ներքին դառն կրակով, և ես անզոր եմ այդ կրակի դեմ և անօգնական։ Եվ ես երբեմն մտածում եմ, որ դա ունի իր խորին ու վսեմ իմաստը։ Չէ՞ որ-այդպես, իմ հոգու նման, այրվում է և իմ երկիրը, «իմ Նաիրին» — գուցե դրա համար է այրվում և իմ հոգին, որովհետև իմ հոգու մեջ «Նաիրյան չքնաղ հոգին» է այրվում։ Եվ ես սկսում եմ զգալ ինձ կոչված, մեկը նրանցից, որոնց վիճակվել է «Նաիրյան» հոգու բարձր տառապանքը կրել իրանց հոգու մեջ—գուցե դրա համար հարկավոր է, որ մենք, այդպիսիներս, սքեմ հագնենք և լռակյաց կյանք վարենք օրհներգություններ հորինելով կրոնական և կրոնական, սրբազան խոբհուրդներ կատարելով (таинство свершать)