վաղ, քան շաբաթ օրը։ Այս փողը ստացել եմ երեկ միայն — ուշացրին և դրա համար է, որ այսօր եմ ուղարկում։
Նամակդ ստացա։ Կգրեմ շաբաթ օրը։
Ցը!
Բարևներով
Քո Վահան
12. Ց. ԽԱՆԶԱԴՅԱՆԻՆ
Սիրելի Ցոլակ
Գրում ես, որ գնամ խնդիր տամ համալսարան՝ վճարից ազատելու համար և այնքան անհոգ ես, որ չես մտածում չքավորության վկայականի մասին, որը պահանջվում է խնդրի հետ, մի հանգամանք, որ քեզ անհայտ լինել չէր կարող։ Այժմ ընկել եմ անելանելի դրության մեջ։ Վաղը կգնամ տերտերի մոտ և կխնդրեմ, որ նա տա մի այդպիսի վկայական, իսկ եթե նրա մոտ չհաջողվի, կգնամ Միլլերի մոտ — ուրիշ ոչինչ չեմ կարող անել և եթե չհաջողվի՝ մեղավորը դու կլինես։ Հույս ունեմ, որ մի բան դուրս կգա, այնպես որ շատ մի անհանգստանալ, բայց ծեծելու տեղ ունես, ձեռքս հասներ այնքան կտայի, որ հոգիդ դուրս գար։ Այդքան էլ անփույթ մարդ կլինի!... Եվ եթե միայն դու լինեիր. մի քանի այդ տեսակ օյին էլ Կոլյան է եկել գյխիս։ Ինչևիցե։
Չեմ հիշում նամակիդ պատասխանե՞լ եմ, թե՞ ոչ, բայց երկար գրելս անցել է — էլ չեմ կարողանում, սիրտս կոտրվել է, հավասս փախել, գլուխս հոգնել անսահման:
Այստեղ առանձին նորություններ չկան։ Կլյուչևսկին մեռել է․ այդ արդեն գիտես։ Օսեփ Կուսիկյանը զբաղված է նրա թաղումով և հոգեհանգիստներով, ամենայն ճշտապահությամբ կատարում է իր քաղաքացիական պարտքը։
Ամսի վերջերին գնում ենք Սուսաննայի հետ Ստավրոպոլ մի ամսով։
Գիտեմ, որ այնտեղ հանգստանալ չի կարելի, բայց խնդրում