են, որ գնամ, և ես մերժել չկարողացա, մանավանդ, որ Սուսաննայի եղբայրը պսակվում է։
Այդ գնալս կապված է, իհարկե, ահագին ծախսերի հետ և, իհարկե, էժան չի նստի, և, երևակայիր, ես այժմ զբաղված եմ այն հարցով, թե ինչ տեսակ գլխարկ գնեմ, ինչ տեսակ հագուստներ և այլն, և այլն... խոմ գիտես, որ «մեր եղբայրը» (наш брат!!!) ամեն ինչից զուրկ է, իսկ ես չեմ ուզում ամոթով[1] մնալ, առավել ևս, որ այնտեղ, դժբախտաբար, նույնպես գիտեն, որ ես ոտանավորներ եմ գրում, որ ես «հայկական» բանաստեղծ եմ,— ուրեմն ինչպե՞ս կարող եմ այնտեղ ներկայանալ բոսյակի պես։ Դե բավական է դատարկ բաների մասին։ Բայց ասենք, վերջապես, ի՞նչը «դատարկ» չէ, սատանան տանի։
Գրքիս հրատարակիչ դեռ չեմ գտել։ Ինչ եմ անելու, չգիտեմ։ Ահա կարծես ամենը, ինչ հաճախ զբաղեցնում է միտքս վերջին ժամանակները։ Իհարկե աշխարհի անցավորության և ունայնության մտքի հետ մեկտեղ, որը (աշխարհը), համենայն դեպս, ստիպված ենք «ընդունել», ինչպես բարի և ծույլ ռուս (Ռուսաստանյան) քաղքենի։
Հաճախ հանդիպում եմ Մակինցյանին։ Նա թախծում է և փող քիչ ունի, բայց ուզում է արտասահման գնալ։ Հա, խնդրեմ գնա «Բաքվի» խմբագրություն և ուղարկիր ինձ այն №-ները, որոնցում իմ մասին հոդվածներ կային (Քաջազնունու և Մանուչարյանի)։ Չմոռանաս և անպայման կատարիր խնդիրքս, որովհետև դա շատ պետք է, իսկ ես չունեմ դրանք (այդ հոդվածները)։
Վարյային խոնարհ բարևներ ինձնից ու Սուսաննայից։
Մինչև մայիսի վերջը այստեղ կլինեմ։
Միայն երկու ամսվա թոշակ կտան — հունիսի և հուլիսի։ Այդ է «պահանջում կարգը», ավելի ճիշտ Սահարբեկովի և Ընկ. խղճուկ ցանկությունը ցույց տալու իրենց «որբանոցային», կոպեկանոց իշխանությունը։ Մի խոսքով բոլորն էլ լավն են։ Ինչպե՜ս են ինձ զզվեցրել այդ բոլոր մարդուկները առաջինից մինչև վերջինը։
- ↑ Այստեղից սկսած գրված է ռուսերեն։