Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/191

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեր «երրորդության հոշոտված մարմինը վերամիավորվի»՝ չգիտեմ։ Իսկ դա իմ հոգևոր կյանքի ամենաանհրաժեշտ պայմաններից մեկն է։ Ես մեռնում եմ առանց դրան։ Ես նորից սկսեցի «ոռնալ» և նվնվալ։ Ցիլին տվեք թող կարդա սույն նամակը։ Ես վրդովվում եմ, որ մեր միջև չի կարգավորվում գոնե թեթև նամակագրություն — Պաոլոյի հետ թեև ոչ այնքան հաճախ, բայց և այնպես նամակներ ենք փոխանակում։ Ախր ես ոչինչ չգիտեմ ձեր կյանքի—ապրուստի մասին․ գոնե այդ մասին կարելի էր միմյանց մի լուր հայտնել։ Ահա ես մինչև այսօր չգիտեմ Ցիլը հաստատվե՞լ է երդվյալի օգնական, թե՞ ոչ։ Չէ՞ որ դա ինձ հետաքրքրում է։ Չեմ հարցնում, թե ինչպես եք Դուք, քանի որ «զգում եմ վրդովված հոգով», որ Ձեզ ձանձրացրել են դասերը, զզվեցրել պարապմունքները, իսկ գուցե մխիթարվե՞լ եք դրանցով։ Դա համենայն դեպս վատ չէր լինի, չարիքներից փոքրագույնը գոնե։ Ինչպե՞ս է Ձեր մանկիկժ-Նատոչկան, անուշ աղջիկ է նա, կմեծանա, մեծ սրտակեր կդառնա— միայն Աստված պահի նրան մեզ նման սանքյուլոտ փեսացուներից։ Պետք է ավարտել նամակս, սիրելի Վարյա։ Ինձ մնում է քնքշորեն համբուրել Ձեր թաթիկը, համբուրել մանկիկ-Նատաշային և Ցիլին՝ սև հսկային։ Ձեզ հաջողություն և Աստծո պահպանությունը, և հիշեցեք մեզ երբեմն, որպեսզի մի խաբրիկ գրեք։ Բարևեցեք ձերոնց։

Ձեր Վահան

Սուսաննան բարևում է ձեզ բոլորիդ։

Հասցես՝ Петроград․

Пет. Стор., Б. проспект, д. № 20, кв. 6, Вагану Териан

Անցել է արդեն երկու շաբաթ, ինչ գրված է այս նամակը, և մինչև հիմա չի ուղարկվել։ Քանի որ սա մնացել է թեկուզ երկու-երեք օր, ես վճռեցի նոր նամակ գրել, որովհետև սույն նամակը արդեն ըստ սովորականի թվում էր անհեթեթ և հիմար։ Բայց այս անգամ ուզում եմ հաղթահարել ինքս ինձ և նամակն ուղարկել, որովհետև ախր նորը, որը պետք է գրվի, նույնպես կարող է լինել անհեթեթ և հիմար։

Նորությունները, որոնք կարող եմ հայտնել, հետևյալն են։ Նախ Սուսաննան այստեղ ստացավ մի փոքրիկ տեղ—պաշտոն,