Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/216

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Չենք հանդիպի մենք արդեն, Նվա՛րդ,
Թեև բացվում են նորից վարդեր։
Օ, եղիր խնդուն որպես թիթեռ,
Թող սիրտըդ այրե հուրը կախարդ,
Հիմա բացվում են այդտեղ վարդեր
Եվ դու վարդերում՝ բոցեղե՛ն վարդ...

Ահա՛, սիրելի Նվարդ, իմ տրիոլետներից երեքը։ Պետք է լինի յոթը, բայց մնացյալները դեռ շատ են անմշակ։ Գլուխս սաստիկ խառն է զանազան գործերով ու կողմնակի մտածումներով, ուստի «պոեզ»-ներով զբաղվելու ժամանակ չի լինում բոլորովին։ Այս ամառ ուզում էի նստել գրելու իմ ռոմանների «Տրիլոգիայի պրոլոգը», այսինքն երեք ծրագրածս վեպերի նախերգանքը, որ լինելու է մի առանձին վեպիկ և որ ծրագրել եմ շատ վաղուց, բայց չի լինում։ Այդպես, ահա, սա էլ իմ գրական գործերի մասին։ Հա՛, «Սալոմե»-ն ստացա («գրա՛ն մերսի՛») և աչքի անցրի ու ետ ղրկեցի, որ տպեն։ Ափսոս այդտեղ չէի՝ ես էլ Իվան Ֆադեյիչի հետ Վան կէրթայի։ Շատ հետաքրքրական է։ Հա՛, մի խնդիրք էլ։ «Վայրէջք»-ը խնդրեմ արտագրեք և հղեք ինձ—վասնզի «Նոր հոսանք» չկա այս... երկրում և եթե ուրիշ նոր բան կա, որ պատահմամբ ինձ անհայտ է մնացել, գրեցեք և, եթե հնարավոր է, ղրկեցեք։ Եթե «Գիր»-ի մոտով անցնելու լինեք, պատվիրեցեք, որ ինձ ուղարկեն Լեոյի «Հայ Հայրենիք»-ը վերադիր վճարով։ Տեսնո՞ւմ եք որքան հանձնարարություն եմ տալիս Ձեզ, բայց այս վերջինը կարևոր չէ[1], ուրեմն մնում է Եվան Ֆադեյիչին վերաբերվողը, իսկ դա, համոզված եմ, որ Ձեզ համար ևս նույնքան սիրելի մի պոետ է, որքան և ինձ, ուստի այս դեպքում Դուք մասամբ և այդ սիրելի պոետի համար եք անում և ոչ միայն ինձ, այնպես չէ՞... Առայժմ վերջացնում եմ նամակս, որ ուղարկեմ, իսկ եթե հետաձգեմ նոր բաներ ավելացնելու կմնա և գուցե ետ մտածեմ՝ ուզենալով նորը գրել և այդպես ձգձգվի։

Ամենաջերմ համբույրներով
Ձեր Վանան
  1. Ես այս րոպեիս գրում եմ բացիկ ու ինքս պատվիրում, ուստի մի անհանգստանաք, լսո՞ւմ եք։