Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/215

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դժվար։ Մանավանդ պրոզայի բանն է դժվար։ Չգիտեմ ի՞նչ պիտի դուրս գա։ Պաոլոն բերել էր հետը «Գիքոր»-ի թարգմանությունը, բայց տվեց «Современный мир»-ին տպելու և չգիտեմ տպված բան կընդունե՞ Գորկին, թե ոչ։ Ես ուզում եմ, որ «Գիքոր»-ը լինի, թեև մի քիչ կարծիքս տարբեր է Պաոլոյի կարծիքից, և գտնում եմ թերություններ։ Բայց, համենայն դեպս, մեր գրականության մեջ եթե կան էլ (որ կասկածելի է), շատ քիչ են այդպիսի սրտաշարժ դրվածներ։ Իվան Ֆադեյիչի «պոեզիաներից պիտի տամ թարգմանելու «Աղավնու վանքը» (որ ինձ թվում է ռուս ընթերցողին դուր կգա), «Վայրէջք»-ը և այլն։ (Ի դեպ, եթե ունեք «Փարվանա»-ի թարգմանությունը՝ Քափանակյանի կամ գուցե և ուրիշ՝ մի ծուլանաք ուղարկելու, կամ ասեք գրավաճառին, թող վերադիր վճարով ղրկե — եթե առանձին հրատարակված կամ որևէ գրքի մեջ կա)։

Հա՛, չմոռանամ շնորհակալությունս հայտնելու Ձեր ուղարկած «խաղերի» համար, որ ինձ շատ դուր եկան։ «Մանուկ» ընկերության իմ ամենաջերմ ցանկություններն ու ողջույնները։

1


Սրտիս հուշերը բարի են դեռ
Եվ քո անվամբ է, անուշ Նվարդ,
Որ գարունին այս դառն ու անվարդ
Սրտիս հուշերը բարի են դեռ։
Թեև իջնում է հոգուս ստվեր
Եվ չեմ սպասում գալիքից վարդ՝
Սրտիս հուշերը բարի են դեռ
Քո քնքույշ անվամբ, անուշ Նվարդ։

2


Պիտի մնա միշտ ժպտուն ու վառ
Գարնան Թիֆլիսն իմ հեռու սրտում,
Որքան էլ գալիքն իջնի տրտում,
Պիտի մնա միշտ ժպտուն ու վառ—
Որքան էլ սիրտըս պատե խավար,
Որպես նայվածքիդ հուրը ցայտուն
Պիտի մնա միշտ անուշ ու վառ
Գարնան Թիֆլիսն իմ հեռու սրտում։

3


Հիմա բացվում են այդտեղ վարդեր,
Եվ դու վարդերում՝ հրեղե՛ն վարդ,