տպավորություն է թողնում առհասարակ։ Երբ երրորդ անգամ նրա մոտ գնացի, ասաց (խոսք բացվեց Ֆեոդոր Իվանիչ Շալյապինի մասին)․ ափսոս—երկու օր առաջ նա այստեղ էր, եթե գայիք, ես կծանոթացնեի Ձեզ նրան։ Ես էլ ափսոսացի — իսկապես հետաքրքիր կլիներ տեսնել այդ մարդուն։ Ինչևէ։ Այս բոլորի մասին գրելու շատ բան կա, բայց շատ կերկարի եթե գրելու լինեմ, ուստի թողնենք սա առայժմ, գուցե մի օր տեսնվենք, կպատմեմ ամեն բան մանրամասն։ Պավղոսը թե որ եկավ Կովկաս, կպատմե — նա մասամբ գիտե և ծանոթացավ Գորկիին, երբ այստեղ էր։
Այժմ անցնեմ մեր ընտանեկան գործերին, բայց շատ կարճ, որովհետև ոչ մի հարմարություն չկա երկար գրելու, թեև շատ կա կուտակված գրելու բան։
Ես խորապես համոզված եմ, որ «աշխարհիս երեսին», ինչպես Պավղոսն է ասում, միայն քեզ և նրա հետ կարող եմ գրական մի գործ բռնել, թեև հաստատ գիտեմ, որ (այժմ մանավանդ) մեր աշխարհայացքները կտարբերվեն շատ բաներում (նույնիսկ էական)։ Ինձ թվում է, որ ես քեզ հետ ավելի հեշտ կհամաձայնվեմ, քան Պավղի հետ (որ այժմ իրան հայտարարում է մարքսիստ, մի բան, որ ինձ քիչ անսպասելի թվաց)։ Ես մարքսիստ չեմ և չեմ կարող լինել, բայց կարող եմ լինել, և գուցե եմ արդեն (հոգով) սոց․դեմոկրատ— այսինքն ընդունում եմ նրանց սոցիալական ու քաղաքական հիմնական գաղափարները (ծրագիրը), բայց չեմ ընդունում նրանց փիլիսոփայությունը (և մատերիալիզմը)։ Իհարկե նրանք այդ անհնար են համարում (որ մարդ լինի ս-դ և ոչ «մարքսիստ»), բայց [դա ինձ համար միևնույն է, ես վաղուց եմ վարժվել բոլորովին հաշվի չառնել նրանց, հատկապես նրանց հայ եղբայրակիցներին։ Քո նամակն ինձ համոզեց, որ այս տարիներին զուր չես ապրել մեր իրականության մեջ—ես քո մեջ զգացի ռեալականության շատ ուժեղ զգացում և ուրախ էի դրա համար։ Դեպի մետաֆիզիկան (ավելի ճիշտ կրոնական աշխարհավերաբերումը, որին ես հավանություն եմ տալիս տեսության մեջ) քո ողջ հակվածությամբ հանդերձ կյանքը քեզ ներշնչել է ռեալականության այդ զգացումը․․․]
Արդ, ասում եմ, ինձ համար երրորդությունը մեր սրբազան է դեռ, և դեռ այն համոզմանն եմ, որ այդ երրորդության մեջ միայն կարող էր ծաղկել մեր երեքի էլ հոգին ու միտքը և կյանքը