Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/229

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կլինենք—тогда плевать на все! На кой все это, если мы уже умерли духовно, умственно и проч.

Մնում է ուրեմն առայժմ անել այն, ինչ հնարավոր է, որքան էլ դա կիսատ ու թերի համարենք մեր «միսիայի» տեսակետից։ Իսկ որ մենք ունենք միսիա, դրանում ես բնավ չեմ կասկածում և այժմ, և այդ գիտակցությունը անհուն ցավ է պատճառում ինձ։ Եթե ես չհավատայի այդ միսիային — շատ չէի ցավի։ Իհարկե իմ սիրելի Ցել, այս ամենը ես կարող եմ ասել քեզ, ուրիշ ոչ ոքի բացի Պաոլոյից, ուրեմն այդպես էլ իմացիր և համոզվիր նամակիս բովանդակությանը (բացի ժողովածուին վերաբերվող ընդհանուր կետերին), թող լինի «Ргo domo nostra»։ Գիտեմ, որ զգացածիս ու մտածածիս չնչին մասն անգամ չարտահայտեցի, բայց այսքանով բավականացիր, սա էլ անհրաժեշտ համարեցի գրել, որ փարատվի քո կասկածը, որ երևում է քո վերջին բացիկից և որ ընդմիշտ համոզված լինես իմ լավագույն ու ջերմագույն զգացմունքների նկատմամբ, ինչպես և այն բանում, որ իմ հոդում մեր բարոյական կապը դեռ ամուր է և հաստատ ոչ միայն անձնական ընկերական տեսակետից, այլև հասարակական-իդեական։ Անձնական իմ սիրո մասին առ քեզ, իհարկե, կասկած չես ունենա երբեք։ Պավղի հետ մենք ավելի կենդանի նամակադրություն ենք պահպանում շնորհիվ այն բանի, որ գրում ենք թեթև և հաճախ։ Ուրախ կլինեմ, եթե քեզ հետ էլ կարողանանք այդպիսի գոնե կապեր (արտաքին) պահպանել և իրար չկորցնել։ Ուրեմն գրիր առանց այլևայլության — ինչ խելքիդ փչե, բացիկ, կարճ նամակ երկար նամակ — ինչպես կգրվի, և ես նույնը կանեմ ուրախությամբ։ Դա ավելի հեշտ է և գործնական լուծում է, թե չէ [ախր հնար չի լինում կարգին ու հանգամանալի գրել ամեն ինչի մասին այնպես չէ՞]։

Ես սրանից հետո քեզ հենց որ հնար ու տրամադրություն լինի կգրեմ, միայն թե մի հաստատ իմաց տուր ուր լինելդ և հաստատ հասցեդ հայտնիր։ Այս նամակիս գործնական (առաջին մասում գրած) կետերին շուտ պատասխանիր և դրիր ինչքան կարող ես շուտ ու շատ։

Եթե Միշո Մանվելյանի «Ճակատագիր»-ը և առհասարակ թարգմանությունները չես ուզում հանձն առնել, գրիր շուտ, ի սեր Աստծո, և ընդունելու դեպքում էլ շուտ գրիր իհարկե։