Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/232

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լավագույն դեղը ձեզ ձեր ընտանիքի պայմաններից հեռացնելն է, որտեղ ինչ-որ խախտված, բեկված ու անբնական բան կա։ Դուք բարի, ուժեղ, պարզ մարդ եք, թող միշտ այդպիսին պահպանի ձեզ ձեր աստվածը։ Ահա ես նամակագրություն ունեի Մարթայի հետ, մենք այդպես էլ իրար չհասկացանք ու դադարեցինք։ Իմ ու ձեր մեջ, կարծում եմ, այդ չի պատահի։ (Միայն ավելի լավ է, այդ մասին Մարթային ոչինչ չասեք)։

Հիմա դեռ թաղված եմ աշխատանքի մեջ, շարունակ զբաղված եմ այդ հայկական ժողովածուով։ Դժվար գործ է։ Մեր պոեզիան լավն է, իսկ պրոզան բանի պետք չէ, և ստիպված ես չարչարվել դրա վրա։ Իմ բոլոր գործերը երկար ժամանակով հետաձգել եմ։ Իսկ հեմա էլ շուտով պարապմունքները կսկսվեն համալսարանում:

Հարցնում եք Կոլյայի մասին։ Ինձ վերջերս գրել էին Մոսկվայից, որ նա եղել է այնտեղ և ուզեցել է գալ ինձ մոտ Պիտեր, բայց մինչև մտածել է, մսխել է բոլոր փողերը։ Համա՜ թե տղա է։ Նա, ասում են, հիմա լավ է վաստակում։

Ահա և բոլորը, ինչ գիտեմ նրա մասին։ Նրա հասցեն չգիտեմ, նա ինձ չի գրում, ես էլ նրան վաղուց չեմ գրում։

Գրում եք, որ կընկնեք Պիտեր։ Եկեք, իսկապես։ Գիտե՞ք որ ինձ շատ կուրախացնեք։

Հիմա այնքան նոր բան կա, որ դժվար է այդ ամենի մասին գրելը, ու թեև հեռացել եմ աշխարհից, բայց ինքս ինձնից շեմ կարող հեռանալ։ Եվ ուզում եմ ձեզ հետ ավելի հիմնավոր զրուցել, բայց ուժ չունեմ։ Այնպես կուզենայի, որ այստեղ լինեիք։ Շատ, շատ լավ կլիներ։ Իսկ դուք հավանաբար շուտ չեք գա։

Ափսո՜ս։

Ես շատ կուզենայի ձեզ տեսնել լավ, առողջ։

Հիմա գնում եմ փոստ, ուզում եմ այս նամակն ուղարկել, որ ստանաք Ժելեզնովոդսկում։ Առայժմ։

Համբուրում եմ ձեզ պինդ (թե՞ չի կարելի)։

Ձեր Վանան

Ինձ գրեցեք հետևյալ հասցեով՝ պետրոգրադ, Պետ. Կ., Բ. Պրոսպեկտ, տ.20 բն. 10։

Վ. Տ.