130. Ց. ԽԱՆԶԱԴՅԱՆԻՆ
Սիրելի Ցիլ
Բոլորովին անսպասելի կերպով եկավ Պետրոգրադ Հրանտը։ Քո նամակից հետո (ուր գրել էիր, թե նա կռվի մեջ է) ես երկար սպասեցի պատասխանի (իմ վերջին նամակին) և չստանալով չէի վստահանում գրել — վախենալով, որ գուցե դու չես գրում Հրանտին որևէ դժբախտություն պատահած լինելու պատճառով։ Այժմ ուրախությամբ եմ գրում քեզ, բայց պետք է և հայհոյեմ։ Ով դու ծույլերի արքա, ինչո՞ւ ոչ մի պատասխան չտվիր իմ նամակներին, չէ՞ որ ես սպասում էի, և կարևոր էր գոնե երկտողով հայտնել քո պատասխանը իմ առաջարկներին։ Մինչև այժմ էլ չգիտեմ, դու թարգմանե՞լ ես գոնե Միշոյի «ճակատադիր»-ը, թե ոչ։
Բանն այն է, որ այդ բանը սկսել էր թարգմանել և կեսից ավելին թարգմանել էր Պավղը, բայց մենք վճռեցինք, որ գոնե դա դու թարգմանես, և նա դադարեց։ Այժմ եթե թարգմանել ես, ուղարկիր, եթե ոչ, գրիր, որ ես էլ Պավղին գրեմ իրա թարգմանությունը վերջացնի տա տպենք։ Այս մասին գրիր անպատճառ։ Հրանտը ինձ քանի գնում ավելի ու ավելի է դուր դալիս՝ ազնվագույն տղա է և նրա գալը ինձ շատ ու շատ ուրախացրեց, բայց մարդու սիրտը ցավում է, երբ մտածում է, որ այդպիսի ջահել, սիրուն և լավ տղաներին կրակի բերան են ուղարկում... Տրամադրությունս շատ ճնշված է և ընկած։ Կովկասից եկող լուրերը հոգեհան տխրություն են լցնում մարդու սիրտը...
Գորկու մոտ նորերս մի շաբաթ ապրեցի և շատ ու շատ զրուցեցի ամեն տեսակ հարցերի մասին...
[Ի միջի այլոց պատմեց այն պատմությունը, թե ինչպես Շալյապինը «ծունկ է չոքել թագավորի առաջ»։ Պարզվում է, որ ոչ նման բան չի եղել։ Եվ երբ այդ լուրերը տարածվել են և Փարիզում սուլելով խայտառակել են նրան, նա քիչ է մնացել ինքնասպանություն գործի։ Գորկին նույնիսկ մտքովն էլ չի անցկացրել, թե Շալյապինը կարող էր այդ բանն անել։ Երևում է, որ նրան շատ է սիրում։ Ի դեպ նա Շալյապինին ճանաչում է 17—18