Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/247

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անցել նրանք, որ ո՛չ ամոթ ունեն, ո՛չ խիղճ և, ավաղ, դրանց հետ են շատ մարդիկ, որ «գող» չեն, բայց ակամա «գողակից» են: Բայց լռենք այս ամենի մասին։ Այսօր կարդում էի Դավթի «Սուրբ ճշմարտւլթյունը» և մտածում—ավա՜ղ, դուք քննադատում եք, իսկ գործը անում են նրանք, դուք ձեզ համար լավ գործ եք անում— արդարացնում եք ձեզ ապագա պատմաբանի առաջ, բայց եթե դուք գոնե քննադատում եք (որ էլի լավ գործ է), դժբախտաբար լուռ են բոլոր ձեր ընկերները, մինչդեռ բավական է մի օր միայն լինել Կովկասում, բավ է մի քանի օր հետևել մեր ազգային գործերին, որպեսզի կարիք զգաս ճչալու, աղաղակելու։

Ո՞ւր է, ո՞վ է աղաղակում։

Առաքելյա՞նը... է՜հ...

Ինձ մաշում են այս հարցերը և ի՞նչ եմ ես, ի՞նչ կարող եմ ես... թողնենք սակայն այս բոլորը—դաշնակները ի վերուստ մեզ իրավունք են տալիս բանաստեղծությամբ ու գեղարվեստով զբաղվելու, բայց հասարակական հարցերով («հրապարակախոսությամբ»!) երբեք (թեև... բոլոր նրանց, որ իրանցից են — ինչո՞Լ չէ, թույլատրվում է այդ)։

Էլ ի՞նչ գրեմ, Ցել — կարելի է անվերջ գրել, այնքան ասելիք ու գանգատ կա, բայց արժե՞ արդյոք։

Իմ ընտանեկան կյանքում նորություն չկա, բայց սպասվում է շուտով, երևի մյուս ամսի վերջերին, ես կունենամ ժառանգ կամ ժառանգուհի: Գրական գործ չեմ շինում—վասնզի ժամանակ չունեմ, «պարապում եմ» արաբերենով, որից բան չի դուրս գալիս և որից զզվել եմ ծայր աստիճան... ինչևէ։

Գրիր, թե որ հավասդ ու ժամանակդ թույլ կտան։ Հա՛, գրքերիս հաշիվը շուտ ստացիր—փողի կարիք կա (դու լավ կհասկանաս այդ, ուստի ավելորդ է երկարացնելը)։

Բարև արա Դավթին։ Շատ ուրախ եմ, որ նրա վրա կանգ առանք հոդվածի համարի (մեր ժողովածուի համար)—հոդվածը ինձ դուր է գալիս, թեև, իհարկե, կան թերի տեղեր—դա անխուսափելի է, մանավանդ որ շտապ եղավ գործը։

Շատ բարև կանես սիրելի Վարյային և բալիկիդ, նմանապես և ձերոնց։ Ողջ լեր։ Շուշանիկը ձեզ սրտանց բարևում է։

Քոնն Վահան