Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/248

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

138. Ա. ՄԻՍԿԱՐՅԱՆԻՆ

1916, 20 ապրիլի

Սիրելի Անտենկա

Վաղուց է պատրաստվում եմ ձեզ գրել, բայց շարունակ չի հաջողվում։ Վերադառնալուցս հետո շարունակ հիվանդ եմ, իսկ հենց որ ինձ գոնե մի քիչ տանելի եմ զգում, շտապում եմ տեղը բերել կորցրած ժամանակս։

Ինձ սարսափելի քննություն է սպասում մայիսի 2-ին արաբերենից և փորձում եմ ուժեղ թափով պարապել (որքանով թույլ է տալիս առողջությունս), որպեսզի փորձեմ հանձնել ու ազատվել: Շատ հնարավոր է, որ չի հաջողվի, չափից ավելի եմ բաց թողել պարապմունքները։

Մի խոսքով հիմա շատ, շատ զբաղված եմ։ Կգրեմ, հենց որ մի քիչ ավելի ազատ լինեմ, և գրելու էլ բան կա, ասենք, դա հետո կերևա։

Առայժմ ուզում եմ մի ուշացած լուր հաղորգել և հիշեցնել իմ մասին։ Սուսաննան ինձ հանձնեց ձեր բացիկը, որտեղ իմ մասին էիք հարցնում։ Շնորհակալություն հիշելու համար։ Իսկ դուք դեռ հիշո՞ւմ եք ինձ։ Եկեք Պիտեր, բայց տեսեք, մայիսի 2-ից հետո։ Ես շուտով ժառանգ կամ ժառանգուհի կունենամ։ Շատ, շատ շուտով, երկու շաբաթ հետո։

Այո, սիրելիս, կլինի մեկը, որը կստանա իմ հարստությունները, կամ կվճարի իմ չվճարած պարտքերը։ Դուք (ասացեք նաև Դոդյային) կարող եք հիմա չանհանգստանալ, եթե հանկարծակի մեռնեմ, որդիս, որը ոչ միայն ավելի խելացի կլինի, այլև, որ ավելի կարևոր է, ինձնից ավելի հարուստ, կվճարի իմ բոլոր պարտքերը բոլոր տոկոսներով հանդերձ։

Ես կարոտել եմ ձեզ, Անտենկա։ Առայժմ, սիրելիս։

Ուզում եմ շաղակրատել ձեզ հետ, բայց, աստված վկա, հիմա ժամանակ չունեմ։

Գրեցեք և, որ գլխավորն է, սիրեցեք ինձ և մի՛ մոռացեք։ Համբուրում եմ ձեզ։

Ձեր Վահան

Հասցես հինն է՝ Պետ. Կ., Բ. պրոսպեկտ, ա. 20, բն. 10։

Բարևս ձերոնց բոլորին։