Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/249

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

139. Կ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ

1916, 23 ապրիլի, Պետերբուրգ

Սիրելի Կարեն

Այսօր կայացավ մեր «պլենար» ժողովը, որը հետևյալ որոշումներն արեց, որ և ներկայացնում ենք քեզ ի հայեցողություն և ի կարգադրություն ու հրատապ պատասխան։

I Անմիջապես ուղարկել լրագրներին («Մշակ» և «Հորիզոն») հետևյալ հայտարարությունը.

«Պատրաստվում է տպագրության համար և աշնանը լույս կտեսնի

«Գարուն»

Գրական-քննադատական ալմանախի IV գիրքը:

Բոլոր հայ հեղինակները այսու հրավիրվում են աշխատակցության— վարձատրության նախկին պայմաններով։

Խմբագիր-հրատարակիչներ՝

Պ. Մակինցյան
Կարեն Միքայելյան
Վահան Տերյան»:

Բաժանորդագրության բաց անելը նկատում ենք անհարմար մի գրքի համար, մանավանդ որ գիրքը լույս տեսնելուց հետո էլ գինը բարձրացնել շենք կարող—ուրեմն բաժանորդագրությունը միտք չունի, իսկ երբ գիրքը լույս տեսնի, կարող ենք որոշ զեղչ անել այն մարդկանց, որոնք 4 գիրքը միասին կառնեն և այդ մասին հայտարարել գիրքը լույս տեսնելու մասին տված հայտարարության մեջ։

II Հրավիրել աշխատակցության

ա. Մառին (որն ունի հատուկ մի հոդված—նվիրված Ուրարտու-Արարատի և այլն մասին, մեզ ռուսերեն կարդաց, և շատ հետաքրքրական գտանք ու ցանկանում ենք, որ լինի,— եթե իհարկե տա,— մեր գրքում)։

բ. Օրբելիին— Քրդերի գրականության ընդհանուր տեսություն, մանավանդ էպոսի, որ կապված է և մեծ հետաքրքրություն կներկայացնե մեր էպոսի ուսումնասիրության համար (կամ մի այլ հոդված, եթե մատչելի և հետաքրքիր հոդված ունենա)։