ամիսը գրեթե պառկած էի շարունակ։ Այդպիսով եկա-չեկա, դեռ ժամանակ չունեցա շուրջս նայելու, իսկույն հիվանդացա և մինչև այժմ էլ լավ չեմ։ Հենց երեկ բժշկի մոտ էի, և նա ասում է, որ պետք է գնալ—хотя бы в Ялту (լավ է ասում, չէ՞.. .) և ուրիշ նման լավ բաներ։
Ցավում է կուրծքս, հազում եմ և շատ թույլ եմ զգում ինձ։ Չկարծես թե հիվանդացել եմ «բանաստեղծական» հիվանդությամբ, այսինքն թոքախտով։ Չէ՞ որ այդ հիվանդությունը մեզանում համարվում է բանաստեղծական հիվանդություն։ Ոչ։ Դեռ ոչ։ Բայց բժշկի ասելով՝ առայժմ վտանգ չկա, բայց եթե միջոցներ ձեռք չառնեմ, վտանգավոր կդառնա հիվանդությունս և միջոցներից առաջինը, նրա ասելով, այստեղից հեռանալն է, որ ես չէմ կարող անել։ Ես հակված եմ կարծելու, որ իրերի դրությունը այնքան էլ լուրջ չէ, ինչպես բժիշկն է ենթադրում, իսկ եթե — հերն էլ անիծած, թող լինի—ինչով ենք ուրիշներից լավ։
Ինձ մի ուրիշ դժբախտություն էլ պատահեց։ Սուսաննան մի քանի օր առաջ մի աղջիկ ունեցավ, որը, տարաբախտաբար, վախճանվեց ի մեծ վիշտ իմ և մանավանդ Սուսանի, որ շատ դարդ է անում և հնար չկա նրան մխիթարելու։ Այժմ նա հիվանդանոցում է դեռ։ Ես փառք եմ տալիս, որ ինքը կենդանի մնաց, որովհետև իրան էլ վտանդ էր սպառնում։
Ահա թե ինչ հոգսերի ու ցավերի մեջ եմ, սիրելի իմ Նվարդ, և դու չպիտի նեղանաս, կարծեմ, չգրելուս համար։
Այժմ էլ այնպես հոգնած եմ ու ջարդված, որ գրելու հալ չունեմ։ Առավոտյան կվերջացնեմ նամակս, եթե դրվեց, իսկ եթե չգրվի, կամ մի գործով լինեմ, կուղարկեմ այս, որ իմանաս իրերի դրությունը և բարի լինես դեպի ինձ։ Առայժմ այսքանը։
Առավոտ է, ավելի ճիշտ կեսօր, որովհետև շատ ուշ եմ քնել և ուշ էլ վեր ելել։
Ժամ է արդեն գնալու—մի քանի գործ ունեմ անելու և հետո պիտի հիվանդանոց գնամ, որովհետև Սուսաննան ձանձրույթից մեռնում է։ Երեկ երեկոյան մոտս էր Պողոսը, որի հետ ժողով արինք և մի քանի որոշումներ կայացրինք «Գարուն»-ի մասին, որ