Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/259

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Գարուն»-ում։ Պոլի հոդվածի մասին կգրեմ հետևյալ անգամ— այժմ նամակս շատ երկարում է։

Վահան

Հասցես նույնն է՝ Петербургская Сторона, Большой проспект, дом 20, квартира 10


145. ԱՆՏԵՆԿԱ ՄԻՍԿԱՐՅԱՆԻՆ

1916, 4 հունիսի

Սիրելի Անտենկա

Ձեր բացիկն ինձ մի քիչ զարմացրեց։ Ես կարծում էի, թե դուք արդեն Կովկասում եք։ Մի քանի անգամ պատրաստվում էի գրել, որ գայիք Պիտեր, ինչպես խոստացել էիք անցյալ նամակում, բայց շարունակ թվում էր, թե ուշացել եմ, և դուք արդեն Կովկասում եք։ Պարզվում է, որ սխալվել եմ։ Դա հաճելի է։ Նշանակում է, կարող եք կատարել ձեր խոստումը և անցնել Պիտեր, եթե, իհարկե, չի անցել ձեր հին բարեկամին մեծ ուրախություն պատճառելու ցանկությունը։ Ժամանակին չկարողացա պատասխանել ձեր նամակին, որովհետև շատ հոգսեր ու քաշքշուկ կար, իսկ հետո արդեն կարծում էի, որ ուշացել եմ, և նամակս ձեզ չի գտնի ոչ Մոսկվայում, ոչ Ցարիցինում։ Իսկ քաշքշուկն ու հոգսերն առաջացել էին սկզբում Սուսաննայի ծննդաբերության կապակցությամբ, որն անցավ ծանր ու ողբալի՝ երեխան (աղջիկ) մեռավ ծննդաբերության ժամանակ, որը մեծ վիշտ էր մեզ համար, հատկապես Սուսաննայի համար, որը մինչև հիմա էլ թախծում է, իսկ երբեմն էլ ողբում։ Ես աշխատում եմ մոռացության տալ այդ տխուր պատմությունը և Սուսաննային չհիշեցնել այդ մասին։

Դրանից հետո հայկական համագումարն եղավ, որին ես մասնակցում էի։ Եվ ահա այդ բոլորից հետո, երբ հնարավորություն եղավ (որովհետև դրանից առաջ ուղղակի ֆիզիկապես չէի կարող գրել) գրելու, արդեն կարծում էի, թե ուշ է ձեզ Մոսկվա կամ Ցարիցին գրելը։ Գիրքն ուղարկել էի հուսալով, որ եթե չհասնի էլ, ետ կստանամ և դա կնշանակի, որ արդեն Մոսկվայում եք, իսկ եթե հասնի, ապա հավանաբար ձեզնից խաբրիկ կստանամ: