Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/258

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեր գրողներից (ինչպես Մուրացան, Նար-Դոս և այլն) չկտրողացանք մտցնել։ Ճիշտն ասած, ես անձամբ այդ բոլոր գրողներին տալիս եմ կուլտուրական նշանակություն, բայց գեղարվեստական՝ ոչ և ժողովածուի մեջ մտած գրվածներն էլ ինձ բնավ չեն գոհացնում լիովին—ես վերցրել եմ, որովհետև ավելի լավերը չեն եղել—դա է լավը, նույն իսկ ընղհանուրի կարծիքով։ Իհարկե, Ս. Հակոբյանը կարող է կարծել, որ Լեոյի «Այծարած Եղոն» մի սքանչելի երկ է, բայց ես համարձակվում եմ չընդունել այդ։ Թող նա թարգմանի դա, և կտեսնենք եվրոպացին կամ ռուսը կգտնե՞ն դա սքանչելի։ Իհարկե, եվրոպացու և ռուսի կարծիքը չափ չէ ինձ համար—երբեք, բայց վերջ ի վերջո պետք է ընդունել դա գոնե իբր համեմատական, պայմանական մի չափ։

Թողնենք, սակայն, այս հիմար զրույցը, որ շատ է խոսել տալիս։ Թող իրանք կազմեն ավելի լավը, ավելի լիակատարը։ Թող գտնեն մի մարդ, որը կարող է գրագետ լեզվով ռուսերեն մեր գրականության մասին գրել չլինի՞ թե ոչ ոք չգտնվի, կամ եղած-չեղած երկու-երեք հոգի լինեն, որոնց ասածների ու արածների դեմ ավելի մեծ իրավամբ կխոսվի, քան մեր ասածի ու արածի։ Մեր ժողովածուն ոչ ոքի ձեռքը չի բռնում, թող հրատարակեն իրանք էլ նորը, ավելի լավը և կտեսնենք ու կուրախանանք։

«Պեպո»-ի լեզվի մասին մասնավորապես պետք է ասեմ քեզ, սիրելի Նվարդ, որ դա գիտակցական մի բան է, որ արված է Գորկու առաջարկությամբ և պնդումով—նա ասում է, որ դա պահպանում է կոլորիտը, և ես համաձայն եմ դրան, թեև շատ տեղեր կոմպրոմիս եմ արել ու շտկել եմ այդ արմենիզմները։ Օրիորդների հրատարակած գրքույկը չեմ ստացել և կուզեի տեսնել, թեև նորույթ չեմ սպասում։ Համենայն դեպս լավ եք արել, որ տպել եք—դա կտարածի մեր միջնադարի պոեզիան։

Նամակս, սակայն, երկարեց։ Մյուս նամակումս կգրեմ մի քանի այլ բաների մասին, որ այժմ շատ հեռու կտաներ և նամակիս հղումը կհետաձգեր։ Կգրեմ Բորժոմ։

Առայժմ ջերմ ողջույններս ձերոնց բոլորին և, ամենից առաջ, իհարկե, մեր ալեհեր պառնասականին իմ և Սուսաննայի կողմից, ապա քեզ և հետո բոլոր այլոց...

«Հայրենիքիս հետ»-ի մասին գուցե ես ինքս ռեցենզիա գրեմ