Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/26

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կողմնակի կերպով իմացեք այդ մասին և գրեցեք, իզուր տեղը չէ ուզում դիմել և մերժում ստանալ, իսկ դա հավանական է, որովհետև ես Հրատարակչական ընկերության մասին գրել եմ «Հորիզոն»-ում մի հոդված և դատապարտել եմ Ընկերության վարիչներին։ Եվ այժմ էլ եմ դատապարտում, իհարկե, քանի որ նոքա Համաշխարհային գրականության մեջ բան չեն գտել՝ վերցրել ե «Բեն Հուր»-ն են հրատարակել։ Ինչևիցե։ Ես հաստատապես որոշել եմ այս աշուն դիրքս լույս ընծայել։ Այդ գրքում զետեղելու եմ հին ու նոր բանաստեղծություններս մի քանի բացառությամբ, այլ դիտողությամբ, որ մի ընդհանուր կապ լինի բոլոր բանաստեղծությունների մեջ։ Դուք խնդրեմ գրեցեք Ձեր կարծիքը—արդյոք կարո՞ղ եմ ես հուսալ, որ գիրքս կտարածվի, թե՞ ոչ, քանի nր չգիտեմ այդտեղի տրամադրությունը դեպի իմ գրվածները— Ձեր ավելի է հայտնի։ Գրեցեք ազատ ամեն ինչ, եթե հայհոյում են նույնպես գրեցեք։ Գրքիս հրատարակությունը լավ եմ անելու։ Կլինի 200—220 երես։ Գինը ուզում եմ նշանակել 1 ռ. — 1 ռ. 25 կ. (ո՞րն եք ավելի հարմար գտնում)։ Մի խոսքով, գրեցեք այդ ամենի մասին Ձեր կարծիքը և հարցրեք տեղյակ մարդկանց մեր բարեկամ-ընկերնրից։

Գրեցեք առհասարակ, երբ տրամադրություն և ժամանակ կլինի։

Մյուս տարի անպատճառ գալու եմ այդ կողմերը, և իհարկե կտեսնվենք։ Իսկ ապագայում գուցե հաջողվի միասին լինել, որ իմ ցանկությունն է։ Ամեն կերպ աշխատում եմ Թիֆլիսում մի տեղ գտնելու ավարտելուցս հետո։ Բայց դա դեռևս ապագայի խնդիր է։ Դուք չե՞ք ուզում Ռուսաստանի կողմերը գալ. ինչ լավ կլինի, եթե ձմեռը վեր կենայիք և մի որևէ էքսկուրսիայի հետ գայիք Մոսկվա։ Մտածեցեք այդ մասին։

Նամակս երկարեց։

Գրեցեք։

Ջերմ բարևներով
Ձեր Վահան Տերյան

Բարևներս բոլոր ընկեր ծանոթներին — եթե կան այդտեղ։

Հասցես՝ Ставрополь (губернский), Центральная гостиница

Ваану Терьян