Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/27

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

17. Ա. ՄԻՍԿԱՐՅԱՆԻՆ

1911, 1 օգոստոսի

Սիրելի Անտենկա

Շատ տխուր թյուրիմացություն է պատահել։ Հիմա փոստում էի և ստացա ձեր բացիկը, որով հարցնում եք, թե ինչ է նշանակում իմ լռությունը։ Բանն այն է, որ ձեր նամակը, որի մասին խոսում եք բացիկում, ես չեմ ստացել։ Բացիկն այստեղ էր, իսկ ես մեկնեցի, և ենթադրելով, որ չեք ուզում ինձ գրել, դադարեցի ձեզ գրելուց։ Այսօր բոլորովին պատահմամբ եղա փոստում և անցա հարցնելու, թե նամակ չկա՞ (ես նամակ էի սպասում Ցոլակից և հանկարծ ստանում եմ ձեր բացիկը։ Ծայրահեղորեն զայրացած էի և հիմա չգիտեմ ինչ անեմ։ Չեմ հասկանում, ինչպես կարող էր կորչել ձեր նամակը, որին այնպես անհամբեր սպասում էի և, չստանալով, մեկնեցի Մոսկվայից։ Ի սեր աստծո, Անտենկա, գրեցեք, թե ինչ էիք գրել ինձ։ Ես այնպե՛ս չարացած եմ։ Այնպե՛ս չարացած եմ։ Կսպասեմ ձեր նամակին։ Ամառն ուզում էի դիմել Մարթային, հարցնել, թե ձեզ մի բան չի՞ պատահել, բայց չհամարձակվեցի։ Իսկ ձեզ գրեցի երկու թե երեք անգամ, պատասխան չստացա, ըստ երևույթին, հենց կորած նամակը իմ վերջին նամակի պատասխանն էր։ Սպասում եմ շուտափույթ նամակի։

Պինդ համբուրում եմ... ձե՞զ։

Կամ եթե թույլ չեք տալիս, ձեր ձեռքերը։

Ձեր Վահան Տերյան

Հասցես՝ Մալի Կոզիխինսկի նրբ., տ. 10, բն. 2։

Ինձ (Վահան Տերյանին)։

Նամակս գրում եմ հապճեպ, հենց որ պատասխան ստանամ, էլի կգրեմ։ Արդյոք Մոսկվայում լինելո՞ւ եք։ Եկեք, Անտենկա, ջերմ, լավ Անտյա։

Դե, առայժմ։

Վահան