Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/268

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

153. ԿԱՐԵՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ

1916, 23 հուլիսի, Պետերբուրգ

Սիրելի Կարեն

Առաքում եմ քեզ նոր «նյութեր», բայց մեջը բան չկա, բացի Ֆալյանից, որը կարող էր կարծես թե ավելի հաջող բան տալ. ուստի առաջարկում եմ գրել նրան, որ ուղարկի նոր բան կամ գոնե այդ բանը կրճատե ու մշակե հիմնովին։ Մնացածները անպետք բաներ են։

Թուղթը չեմ հավանում, բայց ավելի լավը չճարվի—ինչ անենք, պիտի վերցնենք դա։ Ուղարկում եմ քեզ երկու թղթի օրինակ, գները նշանակած են։ Թղթերը ինձ դուր են գալիս, մանավանդ նա, որ ավելի բարակ է և էժան, բայց ֆորմատը քիչ փոքր է։ Ուզում եմ հարցնել գուցե նույն թղթից լինի մեծ ֆորմատ, այն ժամանակ ավելի լավ կլինի սա վերցնենք։ Տես ու գրիր:

Պավղոսը գրել է, որ մի շաբաթից հետո դուրս է գալիս Վանից։ Այժմ նա կարող է արդեն էջմիածին լինել, ուստի սպասիր նրա նամակին—երևի թղթի մասին կգրեր։ Իզուր չես պատասխանել «Գարուն»-ի կնիքի մասին, որովհետև ես չեմ ուզում մասնավոր նամակներ գրել այդ մարդկանց, իսկ նրանք պատասխան են պահանջում, կամ թե չէ (գուցե ավելի լավ կլինի) բլանկներ պատվիրիր և ղրկիր (այստեղ չգիտեմ ուր տպել տամ—տպարան չգիտեմ և կարծեմ չկա էլ)։ Դա հարկավոր է, թե չէ դուրս պիտի գա, որ ես մասնավոր գրագրություն եմ սկսում այդ պարոնների հետ՝ ես չեմ ուզում և չարժե. նամակների տակն էլ պիտի ստորագրեմ «Ի դիմաց խմբագրության Վահան Տերյան», ոչ այլ կերպ։ Այս մասին գրիր խնդրեմ։

Ահարոնյաններին ափսոսում եմ, որ պատասխանել եմ։ Այլևս ոչ մի տող չեմ գրի։

Ցոլակը գրում է, որ իրանց ամսագրի անունը լինելու է «Գործ» և արդեն հաստատ բան է, ինքն էլ քարտուղար է բավական լավ ռոճիկով (250 ռուբլի), որը ցույց է տալիս, որ փող ունեն, բայց շատ վախենում եմ և նախազգում, որ դա էլ «Արև»-ի պես պիտի դաշնակների ձեռքն անցնի։ Շանթը հրաժարվել է և նրա տեղ երկրորդ քարտուղար ուզում են հրավիրել Աղբալյանին։ Գրիր։