Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/269

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նյութերը չկորցնես և շուտ վերադարձրու, որ բոլորը միասին ղրկեմ Պողոսին։ Ողջ լեր։ Գրիր։ Բարևներ ինձնից և Շուշանիկից։

Քո Վահան

«Վան-Տոսպ» կարդո՞ւմ ես։ Կարդա՛, հետաքրքիր բաներ կան մեջը, եթե չես կարդացել, իհարկե։

«Армянский Вестник»- մի հոդված եմ ղրկել—խնդրեմ, զանգիր Иван Томас, իմացիր նրա մասին և ասա, որ նամակիս պատասխանեն։ Հոդվածս ռեցենզիա է, մեկն էլ ուզում եմ Դավթի մասին գրել — իմացիր՝ կտպե՞ն, թե ոչ։

Իսկ դու ի՞նչ ես գրել «Գարուն»-ի համար։

Աղբալյանին և Դավթին դիմելուն դեմ չեմ, բայց պետք է հաշվի առնել, որ շատ չլինեն հոդվածները։ Թեև լավ է լավ հոդվածներ լինեն, քան խլամ բելլետրիստիկա ու պոեզներ. այնպես չէ՞։ Ես գրեցի Պողոսին, որ Թիֆլիս դիմե ում հարկ համարե, նյութերի համար, թե չէ—աննյութ կմնանք։ Լավ չե՞մ արել։

Դու էլ գնացիր, կանես քո կողմից ինչ հարկավոր է։ Բայց խլամ չհավաքեք, հա՛։


154. ՑՈԼԱԿ ԽԱՆԶԱԴՅԱՆԻՆ

1916, հուլիսի II կես—օգոստոս, Պետրոգրադ

Սիրելիդ Ցել

Ստացա նամակդ և կարդացի նկատողություններդ մեր ժողովածուի մասին։ Կուզեի, որ դու թյուրիմացության մեջ չմնաս, ուստի զբաղեցնելու եմ քո ուշադրությունը մի քանի դիտողությամբ։

I. Մեր ժողովածուի ձեռնարկողները պոեզիային հատկացրել են ի սկզբանե 2 տպագրական թերթ, ոչ ավել, դա մեկ։ Երկրորդ մենք ստիպված ենք եղել աչքի առաջ ունենալ Մոսկվայի ժողովածուն և խուսափել այն գրվածներից, որ մտնում են այն ժողովածուի մեջ, որպեսզի ռուս ընթերցողը այն տպավորությունը չստանա, թե հայ պոեզիայի մեջ դա է որ կա։ Ահա թե ինչու մեր պոեզիան ողորմելի է։