Օրինակ, հարմար նյութ չէ՞ր լինի «Լեզուն մեր նոր պոեզիայի մեջ» կամ «Լեզուն, ոճը և ձևերը մեր նոր պոեզիայում»)։ Սա ասում եմ, որովհետև մտադրություն ունեմ «Գարուն»-ի համար գրել մի այդպիսի հոդված— լավ կլիներ, եթե միանային երկու նպատակները։ Սակայն սա այնքան էլ շտապ հարց չէ, դեռ ժամանակ կլինի պայմանավորվելու և վճռելու։ Սա էլ գրում եմ, որովհետև ասում ես, որ լուրջ բան է առաջարկությունդ, թե չէ էլի ծիծաղելի կլինեմ։
Էհ, պետք է վերջացնել նամակս—շատ երկարացավ։
Սիրելի Վարյային և բալիկիդ, ապա և անե-զոքանչիդ բարև արա—իհարկե ոչ հավասար ջերմությամբ ու սիրով, վասնզի այս դեպքում արդեն ես չափից (ավելի) սուբյեկտիվ եմ։ Եվ ողջ լեր ինքդ։
P. Տ. Գրքերիս մասին կգրեմ Գալստյանին, թե համաձայնեց պարտքիս տեղ գրքեր վերցնել—կխնդրեմ, որ հղես։ Առայժմ համաձայն եմ հետդ, որ մնան բազազի մոտ, մանավանդ որ շատ էլ չեն։
Երկրորդ հատորիս հետ և երկրորդ հրատարակությունը Աստուծմով կտպենք, լավ չի՞ լինի։
Շուշանիկը խնդրում է ողջունել ձեզ ամենայն ջերմությամբ։
Դեռ բոլորովին չի առողջացել, բայց լավ է ընդհանուր առմամբ:
Հասցես նույնն է լինելու։
Թե Բաքվից հեռանալու լինես, գրիր անպատճառ։ Գրիր և առհասարակ։ Հա՛, մոռացա հարցնել, ի՜նչ ես անում մեր «Գարուն»-ի համար։ Գրիր անպատճառ, տե՛ս։ Մենք մեր մշտական և ցանկալի աշխատակիցներին «ավանց» տալիս ենք, օրինակ, ինձ տվել ենք 100 ռուբլի, աչքի առաջ ունեցիր սա։