Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/276

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
155. ՑՈԼԱԿ ԽԱՆԶԱԴՅԱՆԻՆ
1916, 17 օգոստոսի, Պետրոգրադ

Ահարոնյանին չեմ պատասխանի,

Թեև շատ տեղ ունի պատասխանի։

Սիրելի Ցել

Շնորհակալություն ուղարկածդ «կտրոնների» համար, թեպետ նրանք ինձ չուրախացրին, ինչպես և նամակիդ այն մասը, ուր հիմարաբար հարց ես տալիս՝ «Մի՞թե չես ընդունում, որ նա (Ահարոնյանը) արդարացի է երկը կրճատելու խնդրում»... և հետո էլ ինչ-որ Մարսից ցած բերած մորալ, թե–եթե անգամ դա ընդունված է, չպետք է անեինք մենք։ Հարցիդ պատասխանում եմ՝ «այո՛ չե՛մ ընդունում, որ նա արդարացի է» և դա ոչ թե համառությանս կամ ամբիցիայի համար, այլ նրա համար, որ այդպես եմ համոզված և ինձ թվում է, որ դու ևս կհամոզվեիր, եթե ուշադիր լինեիր և քիչ լավ մտածեիր այս հարցի վրա և, որ գլխավորն է, վերջապես հրաժարվեիր քո հին և վատ սովորությունից—գերագույն արդարություն մի պահպանելու, ինչ-որ քո հասկացողությունից ծնված և այն միանգամայն անիմաստ, այսինքն բովանդակություն չունեցող ինչ-որ արդարություն փնտրելու, որ ուրիշ խոսքով կնշանակե միայն խոսել արդարության մասին և երբեք չհավատալ նրա իրականանալուն։ Այդ ձգտումը և սովորությունը գերազանցորեն հատուկ է պառաված աղջիկներին, որոնք սիրում են օրը 375 անգամ ձեռները լվանալ և մաքրությունը կուսական (որ ոչ ոքին հարկավոր չէ) պահպանել խանդոտ եռանդով, նրանք սիրում են կատուներին և վաշխառությամբ հավաքած փողը կարում են բարձերի ու դոշակների մեջ...

Ահարոնյանի բողոքները ոչ միայն գռեհիկ են, մեծամիտ «գերազանցորեն», այլև զուտ տիրացուական։ Գռեհիկ են նրա համար, որ նա առանց քաշվելու գործածում է իմ, իմ ընկերների և ժողովածուն կազմողների, ուրեմն և Գորկու, հասցեին այնպիսի բառեր, ինչպես՝ բարբարոս, շահատակողներ, հանդուգն, անիրավություն և այլ այսպիսի շքեղ ու դելիկատ բառեր։ Մեծամիտ է, որովհետև նա իրոք ենթադրում է, թե իր հիմար գրվածքը (որ նրա գրվածները հիմար են, փառք Աստծու, ես քանի՜ տարի է պնդում եմ) մտել է ժողովածուի մեջ ոչ թե նրա համար, որ նա մի գրական