Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/277

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շեդևր է, այլ նրա համար, որ նա նմուշ է մեր ղոչիների ստեղծած վայրենի «շախսեական» գրականության, այն ղոչիների, որոնք դժբախտաբար մեր կյանքում խոշոր դեր են կատարում, ուրեմն նրանք գրականությունը որքան և հիմար, գռեհիկ, անիմաստ լինի չէր կարող տեղ չբռնել մեր ժողովածուի մեջ, ուր աշխատել ենք ոչ թե զուտ գեղարվեստական և մեր ճաշակի համապատասխան բաներ տալ, այլ տալ այս կամ այն տեսակետով բնորոշ գրվածներ, բայց բնորոշ կարող է լինել և ամենազզվելի գրվածքը, այնպես չէ՞։

Տիրացուական է նրա դատողությունը, որովհետև նա կարծում է, որ թարգմանիչը պիտի սրբություն համարե հեղինակի ամեն մի ասածը և բառացի թարգմանե, մինչդեռ ամեն մի թարգմանություն ունի իր կոնկրետ նպատակը և բնավ չի լինելու անպատճառ ակադեմիական։ Եթե նա տգետ չլիներ (ինչպես և նրանք, որ իրավացի են համարում նրան այդ խնդրում), կիմանար (և կարիք չէր լինի, որ ինձ պես տգետը դաս տար նրան ու նրանց), որ այն «Դոն-Բիշոտ»-ը, որ նա է կարդացել—կրճատ է թարգմանված, որ այն «Ռոբինզոն»-ը, որ մենք բոլորս ենք կարդացել բավականաչափ (հավատացնում եմ, որ ավելի, քան Ահարոնյանի «Մայրերը») կրճատ է, և այդպես են և՛ Դիկկենսը, և՛ Բայրոնը, և՛ Սվիֆտը, և՛ էլ որն ասեմ—որովհետև ամեն թարգմանիչ մի նպատակ է ունեցել և նույնիսկ լիակատար թարգմանություններում շատ գլուխներ, չեմ ասում երեսներ, կրճատվում են, երբ նրանք անթարգմանելի են կամ անհասկանալի այն մարդկանց, որոնց լեզվով թարգմանվում է գրվածքը։ Օրինակ, դու միամտորեն կարդում ես Ուելսի վերջին վեպը և չգիտես իսկ, որ նրա 21 թերթը դարձել է ռուսերեն 14 թերթ... Եվ դա արել է նույն «Պարուս» հրատարակչական ընկերությունը [հեղինակազորված թարգմանությամբ]։ Հեղինակը թույլատրելով թարգմանել[1], հույսն ամբողջովին դնում է թարգմանիչների ըմբռնողության, ճաշակի վրա, գիտենալով, որ ա՛յն, ինչ Անգլիայում շատ հետաքրքիր և պիտանի է, Ռուսաստանում անհասկանալի է, անհետաքրքիր և ոչ պիտանի։ Եվ, իհարկե, հեղինակն այնտեղ չի հասնի այն զազրելի ու կեղտոտ մտքին, որ թարգմանիչները ինչ-որ պատճառով նրանից թույլտվություն են վերցրել

  1. Այստեղից սկսած գրված է ռուսերեն։