Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/28

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

18. Ա. ՄԻՍԿԱՐՅԱՆԻՆ

1911,օգոստոս

Սիրելի Անտենկա

Ձեր նամակն ստացել եմ։ Շնորհակալություն հիշելու համար: Երկար ժամանակ ձեզնից նամակ չստանալով, արդեն կարծում էի, թե ինձ բոլորովին մոռացել եք և չեք ուզում գրել։ Շատ ուրախ էի իմանալու, որ այդ բոլորը թյուրիմացություն է և որ դուք երբեմն մտաբերում եք ձեր հին բարեկամին։ Ինչ վերաբերվում ինձ, ապա ես միշտ մտաբերում էի ձեզ և շատ մտածում էի ձեր մասին։ Այն տրամադրությունը, որի մասին ձեզ գրում է նամակներում դեռևս գարնանը, շարունակում է տիրապետել ինձ և եթե ուզենայի հաղորդել ձեզ այդ տրամադրությունը, ստիպված կլինեի կրկնել այն, ինչ գրել էի այն ժամանակ։ Դրանից կարող եք եզրակացնել, թե ինչպես եմ վերաբերվում ձեզ, ուզում եմ ձեզ տեսնել, թե ոչ և այլն։ Ես ձեզ հետ անկեղծ եմ եղել մինչև վերջին աստիճան, բայց, իհարկե, չեմ կարողացել շարադրել այն ամենը, ինչը գուցե կասեի, եթե անձամբ ձեզ հետ զրուցելիս լինեի։ Ես առանձնապես կուզենայի պատասխան ստանալ իմ վերջին նամակին (գարնանային), այսինքն ձեր այն նամակը, որը կորավ։ Ես եղա փոստում, բայց այնտեղ չկար։ Դա ինձ չափազանց զայրացրեց։ Հարցնում եք՝ ինչ եմ անում։ Պարապում եմ։ Պատրաստվում եմ աշնանային քննություններին (նզովյալ լինեն դրանք)։ Տենչում եմ այս տարի դասընթացն ավարտել, տեսնենք, կհաջողվի, թե ոչ։ Բացի այդ, զբաղվում եմ բանաստեղծություններիս հրատարակման գործով, որոնք մի բավական ստվար հատոր կկազմեն։ Ենթադրում եմ ամենակարճ ժամանակում անցնել տպագրությանը և առաջիկա աշնանը լույս ընծայել։ Ահա և իմ բոլոր գործերը: Այդ ինչո՞ւ չեք գրում, սիրելիս, թե երբ կգաք: Շուտով եկեք, ես ձեզ անհամբեր սպասում եմ։ Իհարկե, հենց որ գաք, մենք նույն օրը կտեսնվենք։ ճիշտ չէ՞։ Այնքան վաղուց ձեզ չեմ տեսել։ Ինձ թվում է, արդեն հարյուր տարի ձեզ չեմ տեսել։ Ուրեմն, շտապեցեք խնդրեմ, մի հետաձգեք, եկեք։

Որտե՞ղ էիք ամառը։ Իսկ ես կարծում էի ամուսնացել եք