Սիրելի Կարեն
Կարող ես շնորհավորել՝ «արաբական գիտությունից» ազատվեցի—քննությունս տվի։ Հիմա այդ կողմից ավելի քան հանգիստ եմ, վասնզի մինչև պետական քննություններն այլևս քննություն չունեմ, բայց, ավա՜ղ, կարծեմ շուտով նոր գիտություն է սպասում ինձ և ավելի լուրջ...։ «Սպիտակ բլեթավորներին» վերաքննում են և շուտով հերթն ինձ պիտի հասնի...: Ի՞նչ է լինելու, չգիտեմ— ասենք ի՞նչ պիտի լինի որ՝ կտանեն, ուրիշ ոչինչ։ Դու վերջին բացիկիցդ հետո լռել ես—ի՞նչ հալի ես՝ չգիտեմ—հուսամ, որ վատ հալի չես լինի։ Բայց մեր «Գարուն»-ը վատ հալի է։ Ի՞նչ է լինելու, չգիտեմ։ Գնացիք երկուսդ էլ կորաք, «բա էս ո՞նց տի լիլ»։ Նյութեր այլևս չեմ ստանում, ստացածներս դու տեսել ես՝ դա է որ կա, էլ ոչ մի նոր բան չեմ ստացել։ Հո այդ խլամը չե՞նք հրատարակելու։ Իսկ լավ նյութ ո՞րտեղից։ Ես կարծում էի, թե դուք այդտեղ կմտածեք այդ մասին, բայց ձեզնից այդ առթիվ տեղեկություն չկա։ Հիմա «Գործ»-ի լույս ընկնելն էլ ավելի ևս դժվարացնելու է մեր գործը։ Ի՞նչ պիտի տպենք։ Արդյոք ավելի հարմար չի՞ լինի «Պանֆեռնական» հրատարակությանը դիմել և պատրաստել մի կամ երկու գիրք, օրինակ՝ Հաուպտմանի I հատորը և մի այլ հեղինակ։ Ի՞նչ կարծիք ունես դու այդ մասին՝ գրիր։ Ես Պավղոսին էլ եմ գրել։ Եվ առհասարակ գրիր քո մտադրությունը «Գարուն»-ի մասին։ Ստացածս նյութերը դարձնեմ ե՞տ (հեղինակներին), թե պահեմ կամ ուղարկեմ Պողոսին։
Գրիր և այս մասին՝ մարդիկ սպասում են պատասխանի, իսկ ես չգիտեմ ի՞նչ պատասխան տամ։ Իմ կարծիքն այն է, որ ուղարկված նյութերից ոչինչ չունենք ընտրելու «Գարուն»-ի համար։ Բայց Պաոլոյին պե՞տք է ուղարկել ու նրա կարծիքն էլ հարցնել, թե՞ ուղղակի ետ ղրկեմ։ Վերջապես ի՞նչ գրեմ հեղինակներին «Գարուն»-ի ապագայի մասին՝ լինելո՞ւ է, թե՞ ոչ։ Ի միջի այլոց, լրագրում կարդացի, որ թուղթն էժանացել է։ Գուցե նայե՞մ ու առնե՞մ։
Ի սեր աստծո, գրիր մի որոշ բան, թե չէ շատ անորոշ է ամեն ինչ ու չգիտես ի՛նչ անես։