առողջությունս դեռ գարնանից վատ է, և բժիշկը դեռ գարնանն ասել էր, որ իսկույն հեռանամ Պիտերից, բայց չէի կարող մինչև քննություններս չվերջացնեի, դրա համար մնացի։ Այժմ տարիս էլ կորչի դադար չեմ անի և վճռել եմ գալ։ Միայն մի արգելք կա՝ զինվորագրությունս։ Ինձ պիտի կոչեն, իսկ եթե կոչեն, ես կուզեի ծառայելու դեպքում այստեղ ծառայել և դա կապել է ինձ այստեղի հետ, թեև հալս այնքան վատ է, որ չգիտեմ ինչպե՞ս պետք է ծառայեմ։ Իսկ եթե հաջողվի այդտեղ ազատվել, իհարկե կգամ։ Ասում են, որ այդ հնարավոր կլինի։ Այժմ վարանումի մեջ եմ, որովհետև եթե գամ ու այդտեղ զինվոր տանեն, լավ չի լինի — տանելուց ետքը թող այստեղ տանեն։ Ինչևէ, հավանական է, որ գամ, եթե գոնե մի քիչ հույս լինի, որ այդտեղ հնար կլինի ազատվելու։ Ի՞նչ ես կարծում՝ կլինի՞։ Մի տեղ գրել եմ, չգիտեմ բան դուրս պիտի գա, թե չէ։ Համենայն դեպս գրեթե հավատացած եմ, որ շուտով կգամ և կտեսնվենք և դրա համար շատ ուրախ եմ։
Շատ ցուրտ է այս... երկիրը — ուզում եմ մի քիչ տաքանալ այդտեղի արևի տակ... Այս րոպեիս վերջացրի մի մունտառ հոդված ուռուսերեն, որ գրել եմ, իհարկե, միայն «արծաթասիրաբար», վա՜յ ինձ, բայց աշխարհի բանն այդպես է, ի՞նչ պիտի անես։ Ինչևէ, դժվար է այս աշխարհում մարդուս բանը։
Եթե այդտեղից դրական պատասխան ստացա (ինչպես ասի՝ գրել եմ մի տեղ), գալս երկու շաբաթ չի քաշի։
Այս րոպեիս այնպիսի տրամադրության եմ, որ սաստիկ շտապում եմ ու չգիտեմ էլ ինչ գրեմ—թվում է, թե կարիք էլ չկա գրելու—կգամ էն է կպատմեմ ու կխոսենք։ Առայժմ ցը, սիրելի Նվարդ, ողջ լեր և ընդունիր իմ և Շուշանիկի ամենաջերմ բարևները, բարևիր սրտագին իմ կողմանե Իվան Ֆադեյիչին ու ձերոնց բոլորին։
Թե՝ բան է՝ չեկա, կգրեմ էլի: Ավելի վաղ էի ուզում գրել և շվարել էի, թե ի՞նչ հասցեով գրեմ—ասում էի գուցե դու կուրսերում իսկի չես էլ լինում։ Թե գրեցի, էլի, ուրեմն, նույն կուրսերի մշտական հասցեով կգրեմ։ Ողջ լեր և ուրախ։