Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/302

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դեկտեմբերի վերջերին պիտի դառնամ Թիֆլիս մի քանի օրով (գործով) ու հետո կգնամ Սուխում։ Թիֆլիս գնալիս կհայտնեմ քեզ նախօրոք՝ որ տեսնվենք։ Թե գրելու լինես, գրիր Կիսլովոդսկ, до востребования, Вагану Терияну.

Ողջ լեր!

Քո Վահան


165. Ց. ԽԱՆԶԱԴՅԱՆԻՆ

<1916, 17 դեկտեմբերի, Թիֆլիս>

Սիրելի Ցել

Ահա նորից Թիֆլիս եմ։ Այդպես պատահեց—չեմ ուզում պատմել, որովհետև շատ կերկարի։ Մինչև հունվարի 10-ը կմնամ այստեղ, իսկ հետո կգնամ Սուխում։ Սուսաննան գնաց Ստավրոպոլ, այնտեղից էլ ամսիս վերջերին կերթա Պետրոգրադ։ Խնդրածդ տեղեկությունները Ադոնցի, Ջավախովի մասին չկարողացա տալ թափառիկ կյանքիս պատճառով։ Ադոնցը հրաժարվեց գալ, բայց պետք է ասեմ, որ նա լավ լեկտոր չէ, ինչպես և Ջավախովը։ Ես ավելի մեծ հաճույքով կհանձնարարեի ձեզ հրավիրել Օրբելիին, որ շատ ավելի լավ է խոսում, քան Ջավախովն ու Ադոնցը, թեև նրանցից շատ ջահել է։ Նա (ես հարցրի) սկզբունքով դեմ չէ ձեր (քո) գրած պայմաններով գալու Բաքու և կարող է խոսել հայ արվեստի մասին (միայն ռուսերեն)։ Նա մասնագետ է հայ արվեստի և հնագիտության և շատ շնորհալի մարդ է, գիտական լուրջ պատրաստությամբ։

Ջավախովը պատմաբան է, թեև գուցե և կարենար կարդալ դրականության մասին (թեև ես այդ բանում կասկածում եմ)։ Պետք է ասեմ, որ իբր պատմաբան էլ շատ պրիմիտիվ է—a la Պալասանյան՝ շատ չնչին տարբերությամբ։ Ադոնցն ավելի լավ է, քան նա։ Ադոնցին ասի, նա հրաժարվեց։ Ես կուզեի, որ Օրբելիին հրավիրեք—նա ըստ ամենայնի արժանի է խրախույսի և վարձատրության— և կարծում եմ գոհ կմնաք։ Նա ասաց, որ կարող է կարդալ «Հայ արվեստի ընդհանուր տեսություն» (և ցույց տալ նմուշներ), կամ Անիի մասեն, որին ևս շատ լավ ծանոթ է։