կազմակերպությունների մեջ։ Եթե որևէ պատճառով չուզենաս մնալ Կավկազ և հնար լինի-եկ աստ։ Բայց որովհետև ես ինքս ուզում եմ շուտով գալ (հենց որ Բրեստի բանակցությունները այս կամ այն կերպ վերջանան և տեղիս հայկական կոմիսարիատը հաստատվի), ուստի բնականաբար կուզեի, որ միասին լինեինք և ի միասին աշխատեինք թերթում և առհասարակ: Հենց որ հաղորդակցությունը վերականգնի, ես քեզ տեղեկություն կտամ ամեն բանի մասին և եթե հնար ու հարմարություն լինի, կգաս։
194. ՖԻԼԻՊԻՆ
Թանկագին ընկեր Ֆիլիպ[1]
Շատ եմ խնդրում Ձեզ ըստ հնարավորին մանրամասն և հանգամանորեն գրել ինձ Սուսաննա Սերգեևնայի և մեր աղջկա մասին՝ արդյոք մեկնե՞լ են նրանք: Արդյոք ամեն ինչ բարեհաջո՞ղ է։Շատ եմ անհանգստանում։ Ես միայն այսօր առավոտյան հասա։ Վաղը կանցնենք բանակցությունների շարունակությանը։ Այսօր հաղորդում ստացանք, որ Բեռլինում մեծ գործադուլ է սկսվել— գործադուլ են արել ավելի քան հարյուր հազար հոգի (դա ըստ գերմանական պաշտոնակա՜ն հաղորդումների)։
Նշանակում է, իրականում գործադուլ են արել մի քանի հարյուր հազար հոգի։ Մեր տրամադրությունը բարձր է։ Հիմա գրում եմ հապճեպ, որպեսզի ուղարկեմ ցրիչի հետ, որը մեկնում է։ Ահա մի խնդիրք էլ Ձեզ։ Եթե ինձ նամակներ կամ հեռագրեր լինեն, դրրանք ուղարկեցեք հետևյալ կերպ — տարեք Արտաքին գործերի մինիստրություն և հանձնեցեք ընկ. Զալկինդին, որպեսզի ուղարկի ինձ, Բրեստ։ Հասցեն գրեցեք այսպես՝ Բրեստ, Հաշտության պատգամավորության անդամ Վահան Տերյանին։
Շատ եմ անհանգստանում երեխայի համար, խնդրում եմ չծուլանաք գրել և ուղարկեք — Ձեզնից շատ շնորհակալ կլինեմ։ Արտաքին գործերի մինիստրության միջոցով ինձ կարելի է ուղարկել:
- ↑ Նամակը գրված է ռուսերեն: