եթե սկսեիր կարծել, որ ես այստեղ հանգիստ զբաղվում եմ «իմ» գործերով և ձեր մասին չեմ մտածում։ Արժե՞ արդյոք խոսել այն մասին, թե որքան շատ ծանրագույն տառապանքներ են պատճառում ինձ քո հեռավորությունն ու վիճակիդ անորոշությունը։ Լյասկայի մասին ես նույնիսկ վախենում եմ հարցնել, այնքան քիչ հույս ունեմ նրա առողջանալուն, հատկապես Ստավրոպոլից ուղարկած քո նամակից հետո (միակ նամակը, որը ստացել եմ քեզնից քո մեկնելուց հետո)։ Հասկացիր, մանկիկս, որ մտածմունքը ձեր մասին (և ախր չի անցնում հինգ րոպե, որ չմտաբերեմ ձեզ) շարունակ տանջում է ինձ։ Բայց ահա երեկ ի պատասխան քո հեռագրի՝ անմիջապես գալու մասին, ես շտապ պատասխանեցի, որ հիմա գալ չեմ կարող, բայց առաջին հնարավորության դեպքում կգամ։ Եվ իրոք, մանկիկս, հիմա գալու ոչ մի հնարավորություն չկա բարոյական նկատումներով և ընկերականության ու կարգապահության նկատումներով։ Սրա մասին երկար խոսել չարժե— դու, սիրելիս, պետք է հասկանաս և չներվայնանաս։ Իմ մասին մի անհանգստացիր։ Այստեղ ամեն ինչ հանգիստ ու հանդարտ է։ Հույս ունեմ, որ երկու-երեք շաբաթ հետո կկարողանամ գալ քեզ մոտ գոնե մի որոշ ժամանակով։ Իսկ հիմա դա բացարձակապես անթույլատրելի և անհնար է։ Հավատա ինձ և մի մեղադրիր։ Գիտցիր, որ ամբողջ հոգով ցավում եմ քեզ համար, և ինձ անտանելի ծանր է մտածել, որ գուցե քեզ տանջանք եմ պատճառում այն ամենից հետո, որ դու տարել ես այս տարվա ընթացքում։ Ես իմ պարտքն եմ համարում, որքան էլ այդ ծանր լինի, դիմանալ դրան, տոկալ և տվյալ պահին չլքել պոստս։ Հույս ունեմ, որ որոշ ժամանակ անց հնարավորություն կունենամ հանգիստ խղճով գալ քեզ մոտ։ Որքան էլ ծանր և դժվարին լինի, դու ինձ կհասկանաս, Լյուլինկա, և չես ուզենա իմ խղճի վրա բարդել մի բան, որը հետո կդառնա իմ և քո ամբողջ կյանքի անեծքը, ուստի և ինձ հնարավորություն կտաս ազնիվ վարվելու, պարտքս կատարելու և մնալու մաքուր, անբիծ խղճով։ Հասկացիր այս և տոկա։ Գիտցիր, որ անսահման ցավում եմ քեզ համար և քո մասին իմ բոլոր խոհերը ինձ տանջում են ավելի, քան կարող ես պատկերացնել։
Այս մասին բավական է։ Ես Կոմիսարիատի հետ փոխադրվեցի Մոսկվա։