Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/330

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ես կաշխատեմ շուտով գալ։ Սարգիսը մինչև հիմա դեռ չի եկել, որի համար շատ ափսոսում եմ։ Նոր եկել էր Օքրոևը, ես խոստացա անցնել նրա մոտ և վերցնել, Իսկ քո իրերը դու վերցրել ես, չէ՞։

Մի անհանգստացիր։ Առհասարակ իմ մասին մի անհանգստացիր՝ ինչ էլ որ պատահի, և եթե այդտեղ ինչ-ինչ լուրեր տարածվեն, մի հավատա (ես գիտեմ, որ հիմա, ասենք ինքդ էլ լավ գիտես, լրագրերն ու մարդիկ սատանան գիտի, թե ինչ անհեթեթ լուրեր են տարածում, այնպես որ մի հավատա և համբերությամբ սպասիր իմ նամակներին), իսկ եթե որևէ պատճառով նամակներս ուշանան, նույնպես մի անհանգստացիր, նշանակում է կամ հաղորդակցություն չկա, կամ ես հնարավորություն չեմ ունեցել ժամանակին գրելու։ Այդպես էլ իմացիր և միանգամայն հանգիստ եղիր գրիր քո և Լյասկայի մասին։ Բարևիր մերոնց բոլորին։ Առողջ եղեք դու և Լյասկան. ձեզ երկուսիդ, իմ մանկիկներին, համբուրում եմ միլիոն անգամ։

Քո և Լյասկայի Վահան

Այս նամակն ուղարկում եմ Գարագաշի և Հայկունու, հետ։ Նրանք քեզ կպատմեն իմ մասին, թեև ոչ մի առանձին բան չկա։ Ինչպես տեսնում ես, ես ողջ-առողջ եմ։


197. Ս. ՏԵՐՅԱՆԻՆ

<1918, մարտ, Մոսկվա>

Թանկագին Լյուլյա[1]

Ստացա քո հեռագիրը։ Վաղուց աշխատում էի քեզ նամակ ուղարկել, բայց հնարավորություն չկար։ Նոր իմացա, որ վաղը այդտեղ են մեկնում Իոսիֆի (Կուսիկյանի) ծանոթները, և ահա գրում եմ քեզ, իմ խեղճ մանկիկ։ Դու շատ անիրավացի կլինեիր,

  1. Նամակը գրված է ռուսերեն: