Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/339

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հոգեբանությամբ, ուղարկում եմ ձեզ այս հոդվածները։ Մի մոռացեք մեզ ձեր աղոթքներում ու մտքերում։ Եվ շուտով եկեք, թույլ տվեք նայելու ձեզ վրա և զմայլվելու։

Մշտապես ձեր բարեկամ

Վահան Տերյան


3. Ա. ՄԻՍԿԱՐՅԱՆԻՆ

Սիրելի Անտենկա

Մոսկվայում արդեն իսկական աշուն է։ Այսօր անընդհատ անձրև է թափվում։ Այդպիսի եղանակը միշտ թախիծ է բերում, ցավ է պատճառում։ Հոգիդ ճմլում է ինչ-որ տրտմություն, պատճառազուրկ ու խորունկ։ Երեկոն ձգվում է երկար և գիշերն անձայն է, լուռ, ծանր։ Ունկնդիր ես լինում անձրևի երգին, կաթիլների անլռելի, ձանձրալի զրույցին ու գիշերի անսահման լռությանը և թվում է, թե դա վաղուց այդպես է, շատ վաղուց, և որ այդպես էլ պետք է լինի, այլ կերպ չի էլ կարող լինել։ Եվ այդ ամենը սիրում ես ինչ-որ հիվանդագին սիրով, դրա մեջ ինչ-որ առանձնահատուկ գեղեցկություն կա, ինչ-որ տարօրինակ հմայք, ասես քո սեփական հոգու լացը լինի, ասես պատմություն է քո իսկ մասին, քո անօգուտ ու տխուր կյանքի մասին, որը չգիտես ով լցրել է մի տեսակ քնքույշ թախիծով և մի տեսակ աղոտ գեղեցկությամբ, որը ցավ է պատճառում և որից լավ ես զգում։ Նստել եմ հիմա նամակ գրելու և մտորում եմ աշնան հմայքի ու անցյալի մասին, որը տխուր-տխուր երգի է նման։ Եվ թվում է, վերջ չկա այդ միալար երգին, որը գաղտագողի մտնում է հոգիդ և լցնում է հուշերի մշուշով ու թախիծով։ Եվ հուշերն էլ խաղաղ հեքիաթի պես են՝ ինքդ ես հորինել այդ հեքիաթն ու սպառել այն, և այն, ինչը սթափ օտար մարդուն թվում է տափակություն, նույնիսկ անճաշակություն, քեզ համար լի է անբացատրելի գեղեցկությամբ, քնքշությամբ ու փայլով։ Դրանից է, որ բառերն առանձնահատուկ նշանակություն ունեն նրանց համար, ով քեզ հարազատ է ու կհասկանա, իսկ ուրիշների համար դատարկ հնչյուն են, և հենց դրանից է, որ երբեմն ամենասովորական բառերը հանկարծ