Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/360

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

միշտ այդ բանը նշում էինք հայ գյուղացի և բանվոր մասսաներին։ Մենք միշտ խորտակում էինք մանրբուրժուական և բուրժուական պարտիաների կողմից նրանց ներշնչվող պատրանքները ոչ միայն Եվրոպայի իմպերիալիստական դիվանագիտության վերաբերյալ, այլև կադետների հետ կոալիցիայի մեջ մտած և Կերենսկու կողմից գլխավորված հեղափոխական դեմոկրատական կառավարության վերաբերյալ։

Եվ ահա, հասել է, վերջապես, ժամանակը, երբ մենք կարող ենք հայ մասսաներին ասել՝ «աջակցեցեք Բանվորների և Գյուղացիների կառավարությանը և հաստա՛տ հավատացեք, որ նա ձեզ չի խաբի, նա ձեզ կտա ազատություն, որը ապարդյուն ջանում էիք ստանալ մինչև այժմ, հանուն որի այնքան արյուն ու արցունք եք թափել»։

Ինքնին հասկանալի է, որ մենք, հայ բոլշևիկներս, ոչ մի րոպե չենք կասկածում, որ ասելով այդ, մենք մեր բանվորներին ու գյուղացիներին իսկական ճշմարտությունը կասենք, բայց և այնպես մեզ թվում է, որ այժմ իշխանության գլուխ կանգնած մեր առաջնորդներն ու ընկերները — ժողովրդական կոմիսարները — խիստ կամրացնեին մեր ոտքի տակի հողը, աջակցած կլինեին մեզ, եթե հնարավոր գտնեին այժմ իսկ մի Դեկրետ հրապարակել, որով հաստատվեր Բանվորական և Գյուղացիական կառավարության հաստատ մտադրությունը՝ վճռականորեն պաշտպանել թուրքահայերի լիակատար ազգային ինքնորոշման ձգտումը, ըստ որում նշվեր, որ Ժողովրդական Կոմիսարների Կառավարությունը ըստ ամենայնի կօժանդակի այն երաշխիքների ստեղծմանը, որոնք Թուրքահայաստանի հայ ազգաբնակչությանը ինքն որոշման իրական հնարավորություն կտային։ Այդպիսի երաշխիք պետք է հանդիսանա ինչպես բռնի կերպով Միջագետքի և Թուրքիայի այլ վայրերը արտաքսված, այնպես էլ Ռուսաստանում գտնվող գաղթականների և Ամերիկա ու այլ երկրներ գաղթած բոլոր հայերի համար հայրենիք վերադառնալու հնարավորություն ստեղծելը։ Լոկ այս երաշխիքներն ապահովելու դեպքում կարելի է խոսել Հայաստանի իսկական ինքնորոշման մասին։ Այլապես հայ ժողովրդի ինքնորոշման մասին ամեն մի խոսակցություն կհնչի որպես դատարկ զրույց։ Բացի այդ, մեզ թվում է, որ այժմ պետք է ձեռնամուխ լինել այն գաղթականների տեղավորմանը, որոնք տեղաբաշխված են Անդրկովկասում, ընդ