Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/363

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ըմբռնելու կարողությունն է։ Եվ ո՞վ կարող է մեկին արգելել մասն ունենալ այդ բարիքներից։ Բայց այդ ակնհայտ ճշմարտությունից Դուք, հարգելի պարոն, մի անհասկանալի տրամաբանական թռիչքով գալիս եք այն մտքին, թե ամեն ոք, որ կարդալու իրավունք ունի, գրականությունը հարգելու և սիրելու իրավունք ունի, կարող է նաև մի գրական հանդիսի գլուխ անցնել իբրև նախագահ, իբրև ղեկավար, իբրև հանդիսին գույն տվող։ Եվ Ձեր այդ տարօրինակ տրամաբանական թռիչքն առաջացել է նրանից, որ Դուք, հարգելի պարոն, մասնակցություն և օրգանական կապ հասկացողությունները միանգամայն շփոթում եք իրար...

Դուք ասում եք, որ հայ դրականությունը գրողների համար չէ, որ այն մեզ համար է, «ամենքիս համար», «հասարակ մահկանացուներիս համար»։ Բայց ո՞վ է ժխտում։ Եվ մենք չենք հասկանում, թե այդ տարրական միտքը հայտնելով, Դուք իսկապես ո՞ւմն եք պատասխանում և ի՞նչն եք հերքում...

Ռուս գրականությունն էլ, հարգելի պարոն, բոլոր ռուսների համար է։ Սակայն մի՞թե դրանից կարելի է եզրակացնել, որ, օրինակ, մի Չեխովի, մի Կորոլենկոյի, մի Տոլստոյի հոբելյանը տոնելիս՝ հոբելյանական հանձնաժողովի գլուխ կարող են անցնել և գրական հանդիսին պատվավոր նախագահի կամ սոսկ նախագահի աթոռ նստել մի Մորոզով, մի Սոլոդովնիկով։ Կամ համաշխարհային գրականությունից կարո՞ղ եք արդյոք այն տեսակ մի օրինակ բերել, երբ գրականագետի հոբելյան տոնելիս՝ ղեկավար և գլուխ հանդիսանար գրականության հետ օրգանապես ոչ մի կապ չունեցող անձնավորություն։

Հազիվ թե որևէ ազգի գրական կյանքում կարողանա տեղի ունենալ մի այդպիսի տարօրինակ երևույթ։ Եվ այդ նրանից է, որ ասելով, թե գրականությունը բոլորի համար է, հայտնելով մի այդպիսի տարրական ճշմարիտ միտք՝ դրանից այն սխալ եզրակացությունը չեն անում, ինչ որ արել եք Դուք, հարգելի պարոն, այսինքն՝ թե քանի որ գրականությունը մասնավոր սեփականություն չէ (օրինակ՝ գործարան, կալվածք, նավթահանք, փող), ապա ուրեմն և տեղից վերկացողը կարող է գլուխ կանգնել գրական ամեն տեսակ հանդիսի։

Արդարև, պատվաբեր է, շա՜տ և շա՜տ պատվաբեր այն աթոռը, որ առաջարկել է Ձեզ հոբելյանական հանձնաժողովը։