Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/391

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հետ այնպես, ինչպես առհասարակ վարվում են ամեն խմբագրության մեջ: Ցավում ենք, որ պարոն Մակինցյանի տեսության մեջ եղել են մեր հայացքով դուրս նետվելու մասեր։ Եվ ներողություն ենք խնդրում, որ հարկադրված ենք եղել այդպես վարվելու — հանուն մեր գրականության և մեր խմբագրած օրգանի։ Մենք կարծում ենք որ, այնուամենայնիվ, պարոն Մակինցյանի ընդհանուր մտքերը պահպանված են մեր թերթի էջերում։ Հանել ենք այն, ինչ մենք համարել ենք անտեղի, բացահայտորեն անճիշտ և էապես ավելորդ։ Իսկ այսքան իրավունք մենք վերապահում ենք մեզ՝ մեր բոլոր աշխատակիցների նկատմամբ:

Ընթերցողը պարոն Մակինցյանի այս նամակից իսկ կենթադրե, թե նրա գրության մեջ կարող էին լինել սրբագրվելու տեղեր: Հարգելի նամակագիրն իր բարկությունն արտահայտում է այնպիսի բառերով ու ձևերով, որոնցից կարելի էր և անհրաժեշտ էր խուսափել։ Կրթված մարդուց մենք ավելի վայելուչ բան ենք պահանջում։ Եթե այդ խոսքերը նա գործածեր ուրիշ մարդկանց դեմ, մենք ոչ մի կերպ չէինք հրատարակի։ Մեր ընթերցողների համար չափազանց վիրավորական կհամարեինք նրա գործածած տերմինոլոգիան։ Բայց քանի որ պարոն Մակինցյանի խիստ ու խորապես անճաշակ արտահայտությունը ուղղված է մեր դեմ՝ մենք առանց այլևայլի հրատարակում ենք այն, նախապես ներողություն խնդրելով մեր ընթերցողներից, որ մեր սովորության հակառակ այդպիսի բիրտ դարձվածքներ ենք առաջարկում նրանց» (ընդգծումները խմբագրությանն են — Վ. Պ.)։

13 «Մշակ»-ի խմբագիր Համբարձում Առաքելյանի կողմնակիցների:

14 Տե՛ս № 49 նամակի 3-րդ ծանոթագրությունը։

15 Խոսքը Դ. Անանունի «Անառագաստ և անղեկ» հոդվածի («Բաքվի Ձայն», 1913, № 88, 28 ապրիլի) դեմ Ցոլակ Խանզադյանի գրած «Գրական քննադատությունը» հոդվածի մասին է, որի սկիզբը տպագրվեց «Բաքվի Ձայն»-ի № 94-ում (19 մայիսի), իսկ շարունակությունը՝ № 95-ում (2 հունիսի)՝ այս նամակը գրելուց 6 օր հետո։ Խանզադյանի այդ հոդվածը ուղղված էր նաև Սուրխաթյանի «Դարձյալ գրական քննադատության առիթով» հոդվածի դեմ («Մշակ», № № 104, 105. 15, 16 մայիսի)։

52

Տպագրվում է ըստ «Վահան Տերյան. Նամակներ» գրքի:

Թվագրված է ըստ փոստային կնիքի։ Փոստային քարտ է։ Կլոր կնիք՝ Մոսկվա, 6. 6. 13, Ցարիցին, 8. 6. 13։ Տերյանի ձեռքով գրված է՝ ք. Ցարիցին, ցպ. ՆԲԲ Անթառամ Մինաենա Միսկարովային։

53

Տպագրվում է ըստ «Վահան Տերյան, նամակներ» գրքի: