Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/424

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հարցուփորձով գտնում է Գորկու ամառանոցը: «Ըստ երևույթին արդեն ուշ էր, — պատմում է Սեմյոնովսկին,— բայց տանը դեռ քնած չէին։ Պատուհաններից ընկնող լույսը աղոտ լուսավորում էր անդաստակի աստիճանները և մուտքի դուռը: Ես նախասենյակ մտա և աղախնին հարցրի, թե տանն է Ալեքսեյ Մաքսիմովիչը։ Նա տանն էր և ձայն լսելով դուրս եկավ...

Գորկու հետևից գնալով, ես հայտնվեցի մի ընդարձակ, հաճելի սենյակում։ Սեղանի վրա մեղմ լուսավորում էր վարդագույն լուսամփոփով քողարկված լամպը: Սեղանի շուրջը, գրավյուրները դիտելով, նստել էին երեք հոգի, նիհարավուն թխադեմ մի երիտասարդ՝ հայ բանաստեղծ Տերյանը, նրա կողքին՝ պնդակազմ, սափրած դեմքի եռանդուն արտահայտությամբ, Ա. Ն. Տիխոնովը, որի հասցեով ձմեռը ես ուղարկում էի ոտանավորներս, և մի երիտասարդ կին, Վարվառա Վասիլևնա Շայկևիչը, Տիխոնովի կինը։ Նա ճառագայթող գորշ աչքեր ուներ և ըստ այն ժամանակվա մոդայի՝ բարձր հարդարած խարտյաշ խիտ մազեր։

Նրանից հետո, երբ Գորկին ինձ ծանոթացրեց հյուրերի հետ, վերսկսվեց իմ գալու պատճառով ընդհատված խոսակցությունը։ Ալեքսեյ Մաքսիմովիչը բարկացկոտ իրոնիայով խոսում էր քաղքենի-ընթերցողի հոգևոր անխտրականության մասին։

— Նա ոչ թե կարդում, այլ կլանում է գիրքը, ինչպես կոկորդիլոսը գերանն է կուլ տալիս։ Տոլստոյին կլանեց, կսկսի Ավերչենկոյին խժռել, Ավերչենկոյի հաշիվը մաքրեց, կհարձակվի Դիկկենսի վրա։ Գիրքը նրա մեջ ուղեղի ոչ մի աշխատանք չի առաջացնում, ոչ մի հետք չի թողնում...

Գորկին թեթև հազում էր, խիտ բեղերի արանքից արձակելով ծխախոտի ծխի քուլաներ։

Տերյանը հարցրեց.

— Ինչո՞ւ դուք, Ալեքսեյ Մաքսիմովիչ, բանաստեղծություններ չեք գրում։

— Ես գրում եմ, բայց դրանք ոչ ոքի չեմ կարդում,— պատասխանեց Գորկին այնպես ժպտալով, որ դժվար էր հասկանալ, կատա՞կ է անում, թե՞ լուրջ ասում։

Նա փոքր-ինչ լռեց, ապա, քմծիծաղ տալով ավելացրեց.

— Այ-յո, գրում եմ։ Իսկ հետո մի գեղեցիկ օր կվերցնեմ ու ի զարմանս բոլորի կտպագրեմ սիրային լիրիկայի մի գիրք:

Գեղեցիկ, փայլատ-դալուկ հյուծված դեմքով, խոշոր վառվռուն աչքերով ու սև մազերի դեզով Վահան Սուքիասի Տերյանը սովորում էր Պետրոգրադի համալսարանի ֆիլոզոգիական ֆակուլտետում: Նրա անունը արդեն հայտնի էր Հայաստանի գրականության մեջ։ Տերյանի բանաստեղծությունները ռուսերեն էին թարգմանում Բրյուսովը և Բայլմոնտը։ Բանաստեղծը հիվանդ էր թոքախտով և ռևոլյուցիայից քիչ ժամանակ