Jump to content

Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/436

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

9 Խոսքը Բոդլերի «Փոքրիկ արձակ պոեմներ»-ի մասին է, որ տպագրվեցին «Գործ» ամսագրի 1917 թվականի № № 1, 2-ում։

10 Տերյանը կարդացել է մի քանի դասախոսություն։ 1) 1910 թվականի ապրիլի 30- ին Մոսկվայի Հայկական ակումբում «Ալեքսանդր Ծատուրյան» թեմայով՝ բանաստեղծի գրական գործունեության 25-ամյակի առթիվ։ 2) 1913 թվականի Հովհաննես Հովհաննիսյանի լեզվի և ոճի մասին՝ բանաստեղծի գրական գործունեության 30-ամյա հոբելյանի առթիվ Մոսկվայում կազմակերպված երեկույթում։ 3) 1914 թվականի ապրիլի 30-ին Թիֆլիսի Երաժշտական ընկերության դահլիճում «Հայ գրականության գալիք օրը» թեմայով։ 4) 1917 թվականի հունվարին Երևանում՝ «Հայոց նոր շրջանի բանաստեղծության ոճի և լեզվի զարգացման մասին»։

Նամակում խոսքը այս վերջին դասախոսության մասին է, որ Տերյանը ինչ-ինչ պատճառներով կարդաց ոչ թե Բաքվում, այլ Երևանում։ «Մշակ»-ի № 7-ում (12 հունվարի) հաղորդվում է, որ «Բանաստեղծ Վահան Տերյանը մեկնել է Երևան, որտեղ, նորակազմ «Գրասիրաց ընկերության» հրավերով մի երկու դասախոսություն է կարդալու»։ Մի քանի օր հետո «Աշխատանք» (Երևան) թերթը (№ 75, 25 հունվարի) հաղորդել է. «Անցյալ չորեքշաբթի իրիկուն (հունվարի 18-ին—Վ. Պ.) քաղաքային ակումբի սրահին մեջ բանաստեղծ Վահան Տերյան դասախոսություն մը կարդաց «Հայոց նոր շրջանի բանաստեղծության ոճի ու լեզվի զարգացման մասին»։ Հաղորդման մեջ թերագնահատված է Տերյանի զեկուցումն ու պոեզիան: Ուղղակի կերպով այդ ինֆորմացիայի դեմ էր ուղղված «Մշակ»-ի № 26-ում (4 փետրվարի) տպված ինֆորմացիան։ Բարձր գնահատելով «մեր նոր պոեզիայի ամենափայլուն ներկայացուցչի» զեկուցումը, հոդվածագիր Պողոս Մակինցյանցը գրում է. «Թեև գները (մուտքի տոմսերի— Վ. Պ.) մի քիչ բարձր էին սովորականից, բայց և այնպես դահլիճը ոչ միայն ծայրն ի ծայր լի էր, այլև շատ-շատերը տոմսակ չգտնելու պատճառով ստիպված էին վերադառնալ տուն։

Հասարակությունը մեծ խանդաղատանքով ընդունեց պոետին»։ Այդ մասին Պողոս Մակինցյանը խոսում է նաև «Չորսհատորյակ»-ի 1-ին հատորի ներածության մեջ («Վահան Տերյան»). «1916 թվականի դեկտեմբերի 31-ին, — գրում է նա, — Տերյանը ժամանեց Երևան... Նա պետք է վերջացներ իր հաշիվները զինվորագրության հետ, որպեսզի ապա ուղևորվեր Սուխում՝ բուժարան։

Ռուսաստանի հեղափոխության նախօրյակին նա մի դասախոսություն արեց հայ պոեզիայի մասին, ծանրանալով, գլխավորապես, լեզվի և ոճի խնդիրների վրա։ Դասախոսությունից հետո նա արտասանեց իր հայտնի գազելը, հրաժեշտի այդ սրտաբուխ ու սրտառուչ տողերը («Հրաժեշտի գազել»-ը — Վ. Պ.)։ Կարծես պոետը նախազգում էր, որ ոչ բուժարանը, ոչ խնամքը հայրենի գյուղում նրան չեն փրկի: Այսպիսի հոգեկան վիճակում նա 1917 թվի սկզբում ուղևորվեց Թիֆլիս և ապա։ Սուխում» (էջ XLII):